Բաժիններ՝

Շուշան Սարդարյան. Գնային առումով մենք այլընտրանք չենք կարող դիտարկել իրանական գազը (տեսանյութ)

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն էր:

Օգտատերերը հետաքրքվում էին, թե ինչու սակագնի բարձրացման մասին հայտարարությունն արվեց նախագահական և մայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո:

««ՀայՌուսգազարդը» տնտեսվարող սուբյեկտ է եւ աշխատանքը, գործունեությունը կազմակերպում է զուտ տնտեսական նպատակահարմարություններից ելնելով: Գործընթացը միգուցե զուգադիպել է, բայց պայմանավորել կամ կապել ընտրական գործընթացների հետ, ես ճիշտ չեմ համարում: Գազի սակագինը առաջին հերթին ձեւավորվում է միջազգային շուկայում, նոր մատուցվում, մատակարարվում մեզ»,- պատասխանել է նա:

Արձագանքելով օգտատերերից ոմանց դիտարկմանը, թե գազի սակագնի բարձրացումը կհանգեցնի այլ ապրանքների ու ծառայությունների թանկացմանը` նպաստելով արդեն մեծ չափերի հասած արտագաղթին, Շ. Սարդարյանն ասել է, որ գազը այլընտրանքային էներգակիր է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, թե որ էներգակրից օգտվել:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը գազ չի ներկրում Իրանից, Սարդարյանը պատասխանել է. «Մենք իրանական գազամուղը ընդամենը շահագործում ենք և գազը տեղափոխում ենք Երեւանի ՋԷԿ: Մեր գործառույթը սրանով ավարտվում է: Իրանի հետ պայմանագրային կողմ հանդես է գալիս Էներգետիկայի նախարարը, այստեղ բարտերային բանաձև է գործում` ներկրում ենք գազ, արտադրվում է էլեկտրաէներգիա և արտահանվում է Իրան: Իրանը հարեւան երկրներին, մասնավորապես, Թուրքիային գազը վաճառում է 370 դոլարով, և դա չի նշանակում, որ կարող է դրանից էժան մեզ գազ վաճառել: Գնային առումով մենք այլընտրանք չենք կարող դիտարկել իրանական գազը»:

Սարդարյանը հերքեց «ՀայՌուսգազարդ»-ում բարձր աշխատավարձերի մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ միջին աշխատավարձն ընկերությունում 150.000 դրամ է, և ընկերությունում չկան 5-6000 դոլար աշխատավարձ ստացող մարդիկ:

Նա հաստատեց, որ «ՀայՌուսգազարդ»-ում աշխատավարձերի բարձրացում է սպասվում.  «Ո՞ւմ աշխատավարձերի դեմ ենք մենք բողոքում: Այն 6000 ընտանիքների՞, որոնք մեր հասարակության մասն են կազմում: Իրականում պատկերը այնպիսին չէ, ինչպես փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել: Այո, մենք հայտը ներկայացրել ենք հանձնաժողովին և որպես միջին աշխատավարձի չափ ներկայացրել ենք 220.000 դրամը: Եթե դրանից հանենք 26 տոկոս հարկվող մասը, ապա մնում է ընդամենը 150-160 հազարի կարգի գումար: Եթե 6000 աշխատող գրանցած ընկերությունում կառավարման օղակներում 80-100 հոգի ստանում են բարձր աշխատավարձ, դա դեռ չի նշանակում, որ համակարգում աշխատավարձերը բարձր են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս