Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը նորից կասի՞ . «Էկել ես ստեղ` լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»

Նախորդ շաբաթ մի խումբ ազատամարտիկներ Ազատության հրապարակից անցկացրեցին բողոքի երթ դեպի Կառավարության շենք: Ազատամարտիկները դիմում- նամակ հասցեագրեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատասխան առայժմ չեն ստացել: Այս մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք Կառավարությունից, և եթե ենթադրենք` վարչապետը որոշի որոշակի չափով բարձրացնել տրամադրվող թոշակը, դա հարցի լուծում կհամարե՞ք, Վոլոդյա Ավետիսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Որոշակին կնայենք արդեն: Ես օրինակի համար եմ ասում` հիմա երկրորդ կարգի հաշմանդամը 47 հազար է ստանում, հիմա ես չգիտեմ` որոշակին եթե պիտի բարձրացնեն 10, կամ 20 հազար, և մարդը նորից ստանա 50, 60 հազար, որը որ հարցի լուծում չէ, և մենք շարունակելու ենք պայքարը: Ես մոտավորապես ակնկալում եմ, որ ըստ կարգերի` մոտ 100 տոկոս բարձրացում, այսինքն` 50 հազար ստացողը գոնե 100 հազար ստանա, մենք էլ իմանանք, որ Կառավարությունը իրոք ռեալ քայլ արեց»:

Վոլոդյա Ավետիսյանի խոսքով` Կառավարության այն պատճառաբանությունները, թե ֆինանսական միջոցները սուղ են, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա` Ազատության հրապարակում իրենց կազմակերպած նստացույցը որոշակի արդյունքեր տվել է և հարցով սկսել են նաև զբաղվել:

Ինչ վերաբերում է ազատամարտիկների հետագա գործողություններին, ապա Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ մայիսի 28-ին մարտական ընկերների հետ հավաքվելու են Ազատության հրապարակում: «Մենք բողոքի ակցիա չենք անելու, կհավաքվենք, կխոսենք և մեր հետագա քայլերը կքննարկենք»,- ասել է նա:

Մայիսի 28-ին հավաքվելու են նաև զոհված զինծառայողների հարազատներն ու վիրավոր ազատամարտիկները: Ինչպես ԳԱԼԱ-ին հայտնի է դարձել` նրանք բողոքի ակցիա են իրականացնելու Վարդան Մամիկոնյանի արձանի մոտակայքում` պահանջելով իրենց հուզող բազմաթիվ խնդիրների արագ լուծում:

Իսկ մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: Այդ օրը հերթական անգամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարությունների պակաս չի լինի: Իսկ թե ինչպես են նրանք փորձելու տոնը «խանգարողներին և լացողներին» լռեցնել, պարզ է: Սերժ Սարգսյանն այս առիթով կասեր. «Էկել ես` ստեղ լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս