Լևոն Զուրաբյան. ԱԺ-ում մի մտքի գիգանտ կա՝ Գալուստ Սահակյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս կարևորել էր մտածողության հեղափոխությունը, իսկ ծրագրի ընդունումից հետո նա հայտարարեց, թե ԱԺ նիստերի երեք օրերի ընթացքում ինքը տեսավ, որ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ մտածողության հեղափոխություն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում, ի պատախան այն հարցին, թե այս քառօրյայի ընթացքում մտածողության հեղափոխություն զգացի՞ք, նշեց. «Ես մենակ մեկ մտքի հեղափոխություն եմ նկատել: Մի մտքի գիգանտ կա՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ Գալուստ Սահակյանը, ով իսկապես հանճարեղ առաջարկ արեց: Խոսքս իր այն հայտարարության մասին է, որ կարկուտը կարելի է ձեռքերով բռնել: Դուք նման հանճարեղ գաղափար լսե՞լ էիք: Սա ցույց է տալիս իրենց մտքի կարողությունը: Հանրապետականի մոտ մտքի լիարժեք հեղափոխություն կատարվեց, կարծում եմ»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի գյուղական համայնքներում տեղի ունեցած կարկտահարության վնասների փոխհատուցման վերաբերյալ ԱԺ քննարկման ժամանակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, ասել էր. «Ընդդիմությունը դրանց մասին այնքան ջերմորեն է խոսում, որ ոնց որ կպավ էլի` խոսալու բան ունեք… Դե գնայիք՝ կարկուտը բռնեիք, փոխանակ առաջարկ անեք, մտածեք…»: