Նախարարի խոսքերը կրկին հակասում են պաշտոնական տվյալներին
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պարագայում արդեն կարծես սովորական է դառնում, որ նրա ներկայացրած տվյալները, մեղմ ասած, հակասում են պաշտոնական վիճակագրության՝ մաքսային կոմիտեի տվյալներին։
Ռուսական գազի գնի 180 կամ 240 դոլար գնի հանելուկը դեռ չպարզված՝ ավելացավ ևս մեկը։ Կրկին գազի գնի թեմայով, սակայն այս անգամ՝ իրանական։
Այս անգամ Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Իրանն ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, քան Ռուսաստանը, և դա է պատճառը, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից:
Մովսիսյանը, սակայն, չի ասել, թե կոնկրետ ինչ գին է պահանջում Իրանը:
«Իրանի գինը ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը», – ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ասել է նա:
Իրականում իրանական գազի արժեքը գաղտնի տեղեկատվություն չէ և այն կարելի է ճշտել նույն մաքսային կոմիտեի տվյալներից։
Ճիշտ է՝ Հայաստանը իրանական գազի համար վճարում է էլեկտրաէներգիայի տեսքով, սակայն ՊԵԿ մաքսային կոմիտեն հաշվարկում է ներմուծված գազի մաքսային արժեքը։
Այդ տվյալներից երևում է, որ 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Իրանից ներմուծվել է 134.1մլն խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 24.1 միլիոն դոլար։ 1 խմ-ի արժեքը՝ 180 դոլար է։ Իհարկե, տվյալը ճշգրիտ չէ, քանի որ ներառված է նաև հեղուկ գազը, սակայն իրականությանը բավականին մոտ է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում նշված է, որ այս տարվա առաջին եռամսյակում Իրանից ստացվել է 125.3 միլիոն խմ գազ։
Այսինքն՝ մաքսային կոմիտետի ներկայացրած 134.1 միլիոն խմ-ից հեղուկ գազին բաժին է ընկնում ընդամենը 8.8 միլիոնը կամ 6.5%-ը։
Ըստ այդմ՝ իրանական գազի արժեքը կարող է լինել 180 դոլար՝ ±6.5%։
Այս դեպքում՝ խնդիրը կոնկրետ թիվը չէ։ Խնդիրն այն է, որ պարզ երևում է՝ իրանական գազի գինը մաքսային կոմիտեի տվյալներով 67 դոլարով ցածր է ռուսականից, և ի տարբերության ռուսաստանյան գազի մաքսային արժեքի՝ նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ։
Հետաքրքրասերների համար ավելացնենք, որ ներմուծված իրանական գազի դիմաց Հայաստանը Իրան է մատակարարել 420.3 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որ մաքսային արժեքը կազմել է 25.2 միլիոն։ Այսինքն՝ կՎտ/ժ-ը Իրանին առաքում ենք 6 սենթով կամ 24-25 դրամով։