Չհնչած հարցեր. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Դուք չե՞ք զարմանա, եթե որևէ երկրի խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ որևէ ընդդիմադիր վեր կենա և ասի. «Ախ, ինչ հրաշալի ծրագիր է, ես երկու ձեռքով կողմ եմ քվեարկելու այդ ծրագրին, որովհետև այն հաստատուն քայլերով մեր երկիրը տանում է դեպի բարեկեցություն»:
Գուցե որևէ տոտալիտար երկրում նշանակովի «ընդդիմությունը» նման ելույթներ ունենա, բայց այնտեղ, որտեղ կա որոշակի քաղաքական գործընթաց, դա պարզապես հանարավոր չէ: Հայաստանում նման բան 22 տարի չի եղել և հուսով եմ՝ երբեք չի լինելու:
Կառավարության ծրագրի քննարկման մեր և քաղաքակիրթ երկրներում ընդունված ձևերի տարբերությունից մեկն այն է, որ այնտեղ քաղաքական միավորները, որոնք խորհրդարանում են հայտնվել արդար ընտրությունների արդյունքում, ներկայացնում են հասարակության այս կամ այն սիգմենտները և, հետևաբար, ելույթներ են ունենում և քվեարկում են այս կամ այն արժեքային համակարգից ելնելով: Ասենք, ազատականները ցանկանում են իջեցնել հարկերը, սոցիալիստները՝ բարձրացնել (Ֆրանսիայում՝ այն աստիճանի, որ սկսվել է գործարարների «արտագաղթը»), ազգայնականները կոչ են անում խստացնել էմիգրացիոն օրենսդրությունը, իսկ «կանաչները»՝ արգելել պոլիէթիլենե տոպրակները:
Մեզանում նման բան գոյություն չունի՝ մոտավորապես 1992 թվականից սկսած ընդդիմադիրները չեն խորանում նման խնդիրների մեջ. նրանք միայն մի բան են ասում իշխանություններին՝ «Դուք գող եք, ավազակ եք ու թալանչի և պետք է մի օր առաջ հեռանաք, թե չէ՝ երկիրը կկործանվի»: Դա, իհարկե, դուր է գալիս մշտապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող լայն ժողովրդական զանգվածներին, բայց չի նպաստում բուն ծրագրի քննարկմանը:
Նման իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ 1995-ից սկսած՝ խորհրդարանը չի ձևավորվում արդար ընտրություններով և չի արտացոլում հասարակության սիգմենտների շահերը: Ասում եմ՝ «պատճառներից մեկը», որովհետև 1990 թվականին ձևավորված Գերագույն խորհուրդը միանգամայն լեգիտիմ էր, բայց կոմինիստներից և ՀՀՇ-ից սերած ընդդիմությունը դարձյալ բարձրացնում էր բացառապես «ալան-թալանի» թեման:
Հայաստանում երկրորդ առանձնահատկությունը, որը մասամբ պայմանավորված է առաջինով, այն է, որ կառավարությունն իրականում հաշվետու չէ խորհրդարանի առաջ: Հակառակ դեպքում այժմ ընթացող քննարկումների առանցքային թեման կլիներ հետևյալը. 5 տարի առաջ նույն կառավարությունը, որը ձևավորվել է նույն խորհրդարանական մեծամասնությունից, նույնպես առաջարկել էր ծրագիր, որում գրված էին հստակ ցուվանիշներ՝ ՀՆԱ-ի, ներդրումների, ծնելիության աճի, աղքատության կրճատման և այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ, բայց 2008-ի հայտարարագրված ցուցանիշներից ՈՉ ՄԵԿԸ չի իրականացվել, երբեմն թղթի վրա գրվածն ու իրականը տարբերվում են մի քանի անգամ:
Ինչո՞ւ: Միթե՞ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Այդ հարցը պետք է քննարկվի ոչ միայն կառավարությանը «քլնգելու», այլև հասկանալու համար, թե ինչն է մեզ խանգարել, և ինչ անել, որ այսօրվա խոստացած թվերն իրականություն դառնան:
Կառավարության անդամների վերլուծություններում այդ հարցերի պատասխանները չհնչեցին: Ընդդիմադիրներն էլ զբաղված են ավելի «գլոբալ» քննադատությամբ»: