«Ժառանգության» պատասխանը` ԲՀԿ-ին. «ԿԳԲ-ական մեթոդների վախճանը մի օր գալու է»
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մանրամասներ բացահայտելով մոտ երկու ամիս առաջ իր և «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից, նշեց, թե «Գագիկ Ծառուկյանը հանդիպումներում բացառել է, որ երբևէ դեմ կգնա գործող իշխանություններին»:
Այսօր այս հարցին անդրադարձավ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` իր ֆեյսբուքյան էջում Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրելով Հովհաննիսյան-Ծառուկյան առանձնազույցը աղավաղելու մեջ:
«Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերումներ է կատարել իբր իր և Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից: Ես պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այդ մեջբերումները թերի են և ոչ ստույգ: Աղավաղված է խոսակցության բուն էությունը:
Ինչ վերաբերում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը և համատեքստից դուրս ներկայացնելու ոչ լիարժեք տեղեկատվություն: Այնուհանդերձ, մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշեմ նաև, որ նրանց հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՀԿ-ից Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Ն. Զոհրաբյանը, Ժառանգությունից` Հ. Խուրշուդյանը, Ռ. Հակոբյանը»,- գրել է Տ.Ուրիխանյանը:
Իր հերթին` չուշացավ նաև «Ժառանգության» պատասխանը:
Տիգրան Ուրիխանյանին պատասխանեց «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը` գրելով իր ֆեյսբուքյան էջում.
«ԲՀԿ խոսնակին փոխանցեք, որ երբ ասում է` «ինչ վերաբերում է քաղաքական և մարդկային էթիկայի նորմերին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք՝ խախտելու փակ հանդիպման սկզբունքը», թող մի պահ մտածի. փակ հանդիպման սկզբունքն ու մարդկային էթիկան նախևառաջ պահանջում է փակ հանդիպումները չձայնագրել, կամ դրա մասին տեղեկացնել:
Հ.Գ. ԿԳԲ-ական մեթոդների վախճանը մի օր գալու է»:
Ավելացնենք, որ zham.am կայքում հրապարակվել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի խոսակցության այդ դրվագը: