Արաբկիրի բնակիչները փրկել են ջրախեղդ լինող 20-ամյա աղջկա կյանքը
Այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 18։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիները կարողացել են փրկել 20-ամյա մի աղջկա կյանքը։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևի հետևանքով ջուրն ամբողջությամբ լցվել էր Վաղարշյան 18 հասցեում գտնվող «Ժարդին» խանութ-սրահ: Մինչ ահազանգով դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառության հրշեջ-փրկարարներն ու Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչները, քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ, իրենց ուժերով կոտրել են խանութի պատուհանափեղկը և դուրս են բերել մինչև կոկորդը ջրի մեջ գնտվող խանութի վաճառողուհուն։
Քաղաքացիների կանչով դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության աշխատակիցներ, ովքեր ջրից դուրս բերված աղջկան տեղափոխել են հիվանդանոց։
Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ում հանձնարարականով, թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները ժամանել են նշված վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե կարճ ժամանակում նշված խնդիրը չլուծվի, ապա ևս 1-2 անձրևից հետո շենքը կարելի է համարել վթարային, քանի որ այն ամբողջությամբ կխարխլի շենքի հիմքը։