Ի՞նչ շահ ունի ՀԱԿ-ը` ԲՀԿ-ից, կամ ո՞վ է իրական ընդդիմադիրը
«Այս մի քանի տարվա ընթացքում քաղաքական դաշտում տեղի ունեցան գործընթացներ, որոնք, ըստ էության, քողածածկույթի դեր էին կատարում, և, ցավոք սրտի, այդ գործընթացներին իրենց օժանդակությունը բերեցին նաև ընդդիմադիր մեր գործընկերները,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` տալով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ իր գնահատականը:
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը ցավով արձանագրեց, որ ընդդիմադիր դաշտի ոչ ճիշտ գործունեության, մեկը մյուսի դեմ պայքարելու, նույնիսկ այլ քաղաքական ուժերին հովանավորելու արդյունքում մեր քաղաքացիները մեծ զայրույթ ապրեցին, և դա արտահայտվեց Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ, երբ ընտրողն ուղղակի պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին:
«Գրեթե 2 տարի շարունակ «Բարգավաճ Հայաստանից» ընդդիմադիր կուսակցություն էին փորձում դարձնել ՀԱԿ-ի մեր գործընկերները` դրանով նաև ապակողմնորոշելով մեր քաղաքացիներին, ինչի արդյունքում մենք ունեցանք ընտրողներ, ովքեր ԲՀԿ-ին ընտրեցին որպես ընդդիմություն: Եվ ընտրական փուլի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանի շուրթերով ևս մեկ անգամ հնչեց, որ իրենք ոչ միայն ընդդիմություն չեն, այլև իրենք չեն էլ կարող լինել ընդդիմություն: Շատ ազնիվ մոտեցում էր Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց ԲՀԿ-ի մեր գործընկերները դա շուտ պետք է ասեին»:
Այս առումով Ա.Մարտիրոսյանը քննադատեց նաև Կոնգրեսի ներկայացուցիչներին, ովքեր, իր խոսքերով, ԲՀԿ-ին ներկայացնում էին որպես ընդդիմություն:
«Հնարավոր է` եղել են ինչ-որ այլ շահեր, որի արդյունքում տեղի ունեցավ նմանատիպ, այսպես ասեմ, ապակողմնորոշող գործունեություն ՀԱԿ-ի կողմից, ես դա չեմ կարող այլևս բացառել»,- միաժամանակ ակնարկեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Իսկ թե ո՞վ է իրական ընդդիմադիրը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ցույց տվեցին նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում, ինչպես հայտնի է, գործող նախագահի հիմնական մրցակիցը դարձավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: