Իրանն աջակցում է Թուրքիայից PKK-ի դուրս գալուն. Ջալիլի
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Իրանն աջակցում է սեփական միասնության ու համերշախության ուղղությամբ Թուրքիայի յուրաքանչյուր գործողության:
Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձր խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, ով մայիսի 15-ին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ստամբուլում բանակցություններ է վարել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ:
Ջալիլին նման կերպ է մեկնաբանել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Թուրքիայի տարածքի լքումը, ինչն արվում է թուրք-քրդական խաղաղության գործընթացի շրջանակներում.
«Մենք աջակցում ենք յուրաքանչյուր գործողություն, որը բարձրացնում է Թուրքիայի կամ Իրաքի ամբողջականությունը: Մենք աջակցում ենք PKK-ի դուրս գալուն, եթե դա կապահովի Թուրքիայի միասնութունն ու ամբողջականությունը: Մենք Թուրքիայի անվտանգությունը դիտարկում ենք որպես մեր անվտանգություն»:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին թուրքական Milliyet թերթը գրել էր, որ Իրանը PKK-ի ղեկավարությունից պահանջել է զինյալներին դուրս չբերել Թուրքիայի տարածքից:
Իսկ դրանից մոտ երկու շաբաթ առաջ էլ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի հետ հաշտված PKK-ականների թիրախում կհայտնվի Իրանը, ուր գործում է նրա իրանական թևը՝ PJAK-ը: