Թուրքիան ու ԱՄՆ-ն առաջին քայլն են կատարել երկու երկրների միջև ազատ առևտրի հաստատման ուղղությամբ
Թուրքական The Lira կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄՆ- առաջին քայլն են կատարել երկու երկրների միջև ազատ առևտրի հաստատման ուղղությամբ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ստեղծել Բարձր մակարդակի աշխատանքային հանձնաժողով:
Չաղլայանն այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո: Թուրքական կողմից այդ հանձնաժողովը նախագահելու է Զաֆեր Չաղլայանը:
Օբամայի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ է ժամանել մոտ 100 գործարարի ուղեկցությամբ: Նա հիշեցրել է, որ 8 տարի առաջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությանը ծավալը կազմել է 8 միլիարդ դոլար, մինչդեռ ներկայումս այն կազմում է 20 միլիարդ դոլար:
Էրդողանը հույս է հայտնել, որ երկկողմանի տնտեսական կապերն էլ ավելի զարգացում կապրեն հետագայում: Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ վերջին 4 տարում կրկնապատկվել է ամերիկյան արտահանումը Թուրքիա և ընդհանրապես բավական աճել է երկկողմ առևտուրը: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Թուրքիայի տնտեսությունը զգալի առաջընթաց է ապրել: