Արարատ Զուրաբյան. «Այսօր մենք բոլորս սպիտակ մազերով ենք, բայց շատ ավելի երիտասարդ»

«Այս հայտարարությունը մենք նախաձեռնել ենք անել 4 հոգով, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ մեր ընկերներ մեզ հետ են և այս ասուլիսից անմիջապես հետո միանալու են այս հայտարարությանը: Այսինքն` մենք շատ ընկերներ ու համախոհներ ունենք և մեր համախոհների մի ստվար հատված արդեն հայտնի է, որ միանալու է այս նախաձեռնությանը»,-այսօր «Երևան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով ՀՀՇ հիմնադիր մյուս մի քանի անդամների` Ալեքսանդր Արզումանյանի, Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի հետ միասին ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ` Հայոց համազգային շարժում կուսակցության վերածնման վերաբերյալ:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք վերականգնված ՀՀՇ կուսակցությանը միանալո՞ւ է ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և այլոց, շատ խորը հարգանք տածելով մեր գործընկերների նկատմամբ` կարծում եմ, որ այս պահից սկսած մենք բացեիբաց բոլորի  հետ կխոսենք և յուրաքանչյուրի տեսակետը կհստակեցնենք»:

Իսկ Ալեքսանդր Արզումանյանը ( ով, ի դեպ, տեղեկացրեց, որ մայիսի 2-ին ներկայացրել է դիմում` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին), նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 200 հոգի նախաձեռնող խմբի կազմում են:

Լրագրողներն Արարատ Զուրաբյանին հիշեցրեցին, որ նա նույնպես ժամանակին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ։ Դիտարկմանն ի պատասխան՝ Ա. Զուրաբյանն իր հերթին հիշեցրեց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներսում կային որոշակի հակասություններ այն հարցի վերաբերյալ, որ «Ազատ դեմոկրատները» 2012 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ պետք հանդես գար «Ժառանգության» հետ միասին, սակայն համահավասար դաշինքի տարբերակով, այլ ոչ թե «Ժառանգության» ցուցակով:

Կարդացեք նաև

«Դա տեղի չունեցավ, ինչևէ, ես գտնում եմ, որ ինձ համար որոշակի անընդունելի բաներ կային, և ճիշտն ասած` ՀՀՇ-ից դուրս այնքան էլ ինձ համար հարթ վիճակ չէի պատկերացնում»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

«Պետք է մի բան հաշվի առնենք, որ ՀՀՇ-ն գոյություն է ունեցել 25 տարի, և մենք 25 տարի առաջ դեռևս շատ ավելի երիտասարդ էին, այսօր մենք բոլորս սպիտակ մազերով ենք, բայց՝ շատ ավելի երիտասարդ: Մասնակցել ենք այդ գործընթացներին, և դա մեզ համար շատ հոգեհարազատ է: Եվ նաև կարծում ենք, որ այսօր կա նահանջ մեր գաղափարախոսությունից, և մենք գտնում ենք, որ ազատական գաղափարախոսությունը և, ընդհանրապես, ժողովրդավարությունը` թե´ ներքին, թե´ արտաքին, շատ կարևոր են, և որոշակիորեն ոտնահարված են Հայաստանում: Այդ պատճառով` միավորված փորձում ենք փոփոխություն մտցնել այդ հարցում»,- ավելացրեց Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի վերջին` 18-րդ արտահերթ համագումարում, որին ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշվեց կուսակցությունը վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցություն, որից հետո Արարատ Զուրաբյանը, դատապարտելով այդ փաստը, հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ինքը նոր ՀՀՇ կհիմնադրի:

Տեսանյութեր

Լրահոս