Բաժիններ՝

ՀՀ ՊՆ աշխատակիցները ազատագրված տարածքում «BMW»-ով գլորվել են ձորը. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում:

Ժամը 18:00-ի սահմաններում «BMW» մակնիշի՝ 01 LS 450 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում (ազատագրված տարածքներ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին վթարի վայր, քաղաքացիների ուժերով ձորից դուրս է բերվել Կապան քաղաքի բնակիչ 43-ամյա Բաղդասար Մանուչարյանը, իսկ արդեն տեղում՝ Գորիսի հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Կապան քաղաքի բնակիչ 49-ամյա Վաղարշակ Մարգարյանի դին:

Քանի որ ավտոմեքենայից գազի արտահոսք էր սկսել, հրշեջ-փրկարարները դադարեցրել են այն, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենան:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև Գորիսի ոստիկանության ու շտապ օգնության ծառայողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ X զորամասում և ուներ կապիտանի կոչում, իսկ վիրավորը ծառայում է նույն զորամասում՝ որպես ենթասպա:

Կատարվածի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը տեղեկացրել են ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս