Ի՞նչ է ասել նախագահը նախարարներին՝ տեսախցիկներն անջատելուց հետո
Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահը երեկ, նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ:
Նախագահի պաշտոնական կայքում տեղադրվեց նրա խոսքը և այդ հանդիպման տեսագրությունը: Սակայն վերջին հատվածն այդ տեսագրության մեջ չկա:
Կառավարության նիստին մամուլի համար նախատեսված սրահից ուղիղ միացմամբ հետևող լրագրողները ներկայացրել էին այդ դրվագը: Մասնավորապես, News.am-ը գրել էր, որ մայիսի 8-ի նիստի բացման խոսքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին՝ «Հարցեր կա՞ն»: «Հարցեր չեղան, սակայն խոսք վերցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շնորհակալական խոսք ասաց: Դրանից հետո Ս. Սարգսյանը կրկին ասաց. «Իսկ հարցե՞ր»: Քանի որ հարց տալու ցանկություն ունեցողներ չեղան, Ս. Սարգսյանը դիմեց իր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին. «Արման, կարո՞ղ ենք՝ առանց տեսախցիկների»: Նիստի հեռարձակումը դադարեցվեց մոտ 10 րոպեով և վերսկսվեց, երբ Տ. Սարգսյանն անցել էր օրակարգի կոնկրետ հարցերին»,- գրում է լրատվամիջոցը:
Այս դրվագն ակամայից հիշեցրեց Սերժ Սարգսյանի ռուսաստանյան գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ կապված մեկ այլ դրվագ, որը տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ ապրիլի 16-ին:
Էլիստայում Պուտինը հանդիպում է ունեցել նախարարների և նահանգապետերի հետ: Հանդիպման վերջում խնդրել է անջատել տեսախցիկները և մտածելով, որ իր ասելիքը եթեր չի հեռարձակվելու՝ սուր քննադատության ենթարկել նրանց, քանի որ չեն կատարել մայիսին տրված նախընտրական խոստումները:
«Ինչպե՞ս ենք մենք աշխատում: Աշխատանքի որակը զրոյական է: Ամեն ինչ անում ենք մակերեսային: Եթե շարունակենք այդպես աշխատել, ապա ոչ մի բան էլ չենք անի»,- ասել էր Պուտինը (ռուսերեն բառացի՝ «Если будем работать так, то ни хрена не сделаем»):
Նա նաև զգուշացրել էր նախարարներին, որ, եթե վերջիններս չկարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունները, ապա հարկ կլինի նրանց հրաժեշտ տալ:
Հետո այդ տեսագրությունը, իբր պատահական, հայտնվեց եթերում և սկսեց պտտվել համացանցում: Իհարկե, շատերն արդարացիորեն մտածում են, որ ՌԴ նախագահը շատ էլ լավ գիտեր, որ ամեն ինչ տեսագրվում է: Եվ ձայնագրությունն էլ առանց նրա իմացության չի ջրի երես դուրս եկել: Իհարկե, «ни хрена» արտահայտությունը գռեհիկ է և պատիվ չի բերում նախագահին, սակայն ընդհանուր առմամբ՝ դրական էֆեկտն ավելի մեծ է, քան բացասականը: Որովհետև Պուտինն այդտեղ ներկայանում է՝ որպես հայրենասեր և երկրի համար սրտացավ, խիստ պաշտոնյա, ով բոլոր նախարարներին պատրաստ է անգամ հայհոյել՝ պարտականությունները չկատարելու համար:
Հիմա փորձենք զուգահեռներ տանել Հայաստանի հետ՝ երեկ տեղի ունեցած հանդիպման մասով: Հնարավո՞ր է արդյոք, որ Սերժ Սարգսյանը նույնպես «թեթևի մեջ» կշտամբած լիներ նախարարներին:
Շատերը կարող են ասել՝ ոչ: Չէ՞ որ կառավարության կազմը նոր է: Ֆորմալ առումով՝ նոր է: Սակայն բոլորը (բացառությամբ Վահրամ Ավանեսյանի և Յուրի Վարդանյանի) հին դեմքեր են: Սա այն նույն կազմն է, որին Սերժ Սարգսյանն «ատկատների» համար անարգանքի սյունին գամեց անցյալ տարի:
Իհարկե, գործող իշխանությունը հայտարարում է, որ 3 ընտրություններում տարած հաղթանակը (խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու) խոսում է հասարակական վստահության մասին՝ առ ՀՀԿ-ն: Սակայն իշխող ուժը, թերևս, ամենից լավ գիտի՝ ինչպես են ստացվում 50-ից բարձր տոկոսները, երբ երկրում աղքատություն է և արտագաղթ: Ու լավ գիտի, որ պլպլան թվերն ու իրականությունը լրիվ տարբեր բաներ են:
Ի դեպ, հանդիպման հրապարակված մասում Սերժ Սարգսյանն այդ մասին բացահայտ ասում է. «Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց՝ ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ՝ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ, նաև պետական հատվածում, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»:
Այսինքն՝ ցուցանիշը ոչինչ չի նշանակում: Այդ մոտեցումն անուղղակիորեն հաստատվում է նաև գործով. 7.2% տնտեսական աճ ապահոված կառավարության կազմում փոխարինվում են այդ աճի անմիջական պատասխանատուները՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունը, մեղմ ասած, տոնական չէր (մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայիսի 8-ը նաև Շուշիի ազատագրման օրն է):
Կարճ ասած՝ ամենևին չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի քանի քաղցր խոսք ասած լինի կառավարության անդամներին: Ընդ որում, չի բացառվում նաև, որ այդ տեսագրությունը նույնպես մի օր հանկարծ հայտնվի համացանցում՝ Սերժ Սարգսյանի «Մի տեսակ տխուր ես, Պողոս» նախաբանով (անունը պայմանական է):