Տիգրան Ուրիխանյան. Ամբողջ խնդիրը նրանում է, որ փոփոխություններ կառավարության կազմում ես չեմ տեսնում

168.am-ի հարցին, թե ՀՀ կառավարության կազմի՝ երեք նախարարների փոփոխությունը, կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Ախր ամբողջ խնդիրը նրանում է, որ փոփոխություններ այդտեղ ես չեմ տեսնում: Չհաշված սպորտի ու երիտասարդության, ինչպես նաև էկոնոմիկային նախարարի փոփոխությունը, իսկ Ֆինանսների նախարարն ու աշխատակազմի ղեկավարը պարզապես ռակիրովկայի ենթարկվեցին: Իսկ կառավարության կազմի մասին, իր ղեկավարով հանդերձ, մենք բազմիցս մեր դիրքորոշումը հայտնել ենք: Ասելու նոր բան չունեմ»:

Մեր հարցին, թե արդյոք տարօրինակ չէ՞, որ ապահովելով 7 տոկոսանոց տնտեսական աճ, այնուամենայնիվ, որոշում է ընդունվում փոխել հենց ֆինանսական բլոկի պատասխանատուներին, Տիգրան Ուրիխանյանը պատասծանեց. «Շատ լավ հարց տվեցիք ու, թերևս, պատասխանեցիք ձեր հարցին: Թող եզրակացությունները հանրությունը անի: Մենք տարօրինակություն տեսել ենք նրանից, որ 7 տոկոսանոց տնտեսական աճի արդյունքում մարդիկ սկսում են ապրել ավելի վատ, գները բարձրանում են, ծառայություններն ու սպասարկումը թանկանում է, ՀՀ բնակիչները լքում են երկիրը, տնտեսական աճի բարձրացումն էլ շոշափելի արդյունք չի ապահովում: Ամենամեծ տարօրինակությունը սա է»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր ՀՀ նոր կառավարության առաջին նիստից առաջ արված հայտարարությանը, թե կառավարության աշխատանքը պետք է գնահատել խիստ որոշակի արդյունքներով՝ շեշտելով, որ կառավարության գործունեության արդյունքները պետք է լինեն շոշափելի, Տ. Ուրիխանյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է ավելի շոշափելի արդյունք գրանցել:

 «Իհարկե, ոչ: Այս կառավարության քաղաքական ու տնտեսական կուրսի վերաբերյալ մեր ասելիքը չի փոխվել»,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Յուրի Վարդանյանը նշանակվել է Սպորտի և Երիտասարդության նախախար, Դավիթ Սարգսյանը՝ Ֆինանսների նախարար, իսկ Էկոնոմիկայի նախախար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս