Այսօր Երևանում առանձնակի դաժանությամբ սպանվածը 23-ամյա մատուցողուհի էր (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով:
Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով ժամանել էր դեպքի վայր և բնակարանում հայտնաբերել երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով: