Հովիկ Աբրահամյանը չի բացառում Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպումը

«Ժողովուրդը, ընտրողները հնարավորություն է տվել, որ նախագահը վարչապետին նշանակի: Այսինքն ՀՀԿ-ն ստացավ քվե, մեծամասնություն, որով իրավասու է նշանակել վարչապետին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Հիմա դժգոհությունը կա, իհարկե մենք հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը, փորձելու ենք համագործակցել և իմ կարծիքով բոլորի խնդիրն է մեր հանրության առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Մենք բոլորի հետ ուզում ենք միասին աշխատենք բոլոր քաղաքական ուժերի հետ և՛ խորհրդարանական, և՛  արտախորհրդարանական ուժերի հետ: Եթե մեր նպատակին, մեր առաջարկներին, կցանկանան միանալ, մենք պատրաստ ենք քննարկել»,- նկատեց նա:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ «տենց չի, որ մի քանի նախարարի փոփոխություններով հարց չի լուծվում»: Ըստ նրա՝ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ կան խնդիրներ, կա հասարակության 37 տոկոս, որը դժգոհ է այսօր իշխող կուսակցությունից, ԱԺ, Կառավարությունից. «Սա իմ կարծիքով ահազանգ էր, որ մենք պետք է բարձրացնենք խնդիրները, և այն օբյեկտիվ դժգոհություններին, որոնք կան, տանք լուծում: Պատահական չէր, որ նախագահը կոչ արեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին մասնակցել այդ բարեփոխումներին, ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որից ինքը հրաժարվեց: Ճիշտ կլիներ ընդուներ, բայց դա իր որոշումն է: Ինչևիցե, ցավոք սրտի չհամաձայնվեց, բայց մենք քաղաքական կամքը դրսեորելու ենք ու գնալու ենք բարեփխումների: Սպասվում է  աշխատավարձերի բարձրացում և այլն: Դրանք քայլեր են, որոնք պետք է տանենք առաջ»:

Անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ հնարավոր կոալիցիային, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Յուրաքանչյուր համերաշխություն, հաշտություն նպաստում է մեր երկրի առաջընթացին: Մենք այսօր էլ չենք բացառելու ԲՀԿ-ի ողջամիտ առաջարկությունները, կընդունենք նորմալ: Եթե օրենքներ, նախագծեր կբերեն, որոնք կբխեն մեր պետության շահերից, կամրագրենք: Մենք պատրաստ ենք: Մենք ե՞րբ ենք ցանկացել միահեծան կառավարել մեր երկիրը: Դեռ առաջարկ չի եղել, ոչ մի քաղաքական ուժ ցանկություն չի հայտնել, որ իրենք ցանկություն ունեն մեզ հետ կոալիցիա կազմելու՝ մենք էլ չենք առաջարկել»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հնարավոր հանդիպմանը. «Ոչ մի անգամ չի բացառվել, միշտ էլ կհանդիպեն: Երեկ չեն հանդիպել: Հանդիպումների մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, բացի լավից: Հիմա էլ եմ ուզում ասել, որ ես միշտ նպաստել եմ, որ հանդիպումներն ունենան լավ արդյունք, որից կածանցնեն լավ գործեր»:  168.am-ը հետաքրքրվեց, թե ապագայում հնարավոր է հանդիպում ԲՀԿ-ՀՀԿ նախագահների միջև, ինչին ի պատասխան նա ասաց. «Այո: Բայց հանդիպման որոշում չկա»:

Տեսանյութեր

Լրահոս