
«Մատրոսսկայա տիշինա»-ից փախուստի դիմածը վարձու մարդասպան էր, ով սպանել էր քրեական հեղինակություն Կարասին

«Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանից փախուստի դիմած Օլեգ Տոպալովը կազմակերպված հանցավոր խմբում հաստիքային մարդասպան էր աշխատում։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ վւայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Հետաքննության տվյալներով, Տոպալովն ու իր հանցակիցը 2010 թվականի հուլիսին սպանել են «Росвтормет» ընկերության տնօրեն Յուրի Զվյոդոչկինին և նրա վարորդին։
ԶԼՄ-ները նաև գրում էին, որ նույն մարդիկ 2010 թ. հոկտեմբերին Սոչիում գնդակահարել էին Դեդ Հասանի մտերիմ քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանին (մականունը՝ Կարաս)։
Տոպալովը ձերբակալվել է 2011 թվականին Սոչիում։ Նրան այնուհետև տեղափոխել են Մոսկվա, որտեղ պահվում էր մեկուսարանում՝ մինչև քննության ավարտը։
Մայիսի 7-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Տոպալովը փախել է մեկուսարանից։ Պաշտոնապես հայտարարվեց, որ նա կարողացել է անցք բացել առաստաղի վրա, բարձրանալ տանիք և հեռանալ մեկուսարանի տարածքից։ «Известия»-ն գրում է, որ Տոպալովը պահվում էր մեկուսարանի ամենահին շենքերից մեկում, որտեղից կալանավորները մշտապես փախուստի փորձեր են կատարում՝ հեշտությամբ անցքեր բացելով առաստաղի և պատերի մեջ։
Իսկ Life News-ի տվյալներով, Տոպալովը պարանի միջոցով անցել է ցանկապատի վրայով, անցել տրամվայների դեպոյի տարածք, փոխել հագուստը և հեռացել։
Տոպալովի փախուստի դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։