Տարոն Մարգարյան. Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երևանցիներին՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար:

«Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ:
Եվ այդ առիթով նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել երևանցիներին՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենց վստահության քվեն մեզ տված բոլոր ընտրողներին՝ մեզ հավատալու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկել են քաղաքական այլ ուժերի օգտին և, նրանց ևս վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մրցակցություն ապահովելու համար:

Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից ու համոզված եմ, որ այս թիմով, որն իր մեջ մեծ ներուժ և կամք ունի, առաջիկա չորս տարիների ընթացքում կկարողանանք մեր առջև դրված բոլոր խնդիրները լուծել և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի ու բուն ընտրական գործընթացի ապահով ու խաղաղ ընթացքը:
Սիրելի երևանցիներ, ես համոզված եմ, որ այսօրվա գրանցված հաջողությունը կարողացել ենք ամրագրել համատեղ ուժերով և նույն ոգով էլ կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս