Լյուդմիլա Սարգսյան. «Իրականում տեղի է ունենում փողի ընտրություն»

«Այս ընտրություններում հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում ընդհանրապես ընտրությունը` որպես այդպիսին, գոյություն չունի, և նույնիսկ ընտրությունների արդյունքների քննարկումը պարզապես ծիծաղելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ «իրականում կա փողի իշխանություն, որը բերում է իշխանության, և իշխանությունն էլ  բերում է փող, որը հետագայում կիրառվում է նաև ընտրությունների ժամանակ»:

Նա կարծում է, որ այդ փողն իշխանություններն օգտագործում են` օգտվելով քաղաքացիների սոցիալական ծանր վիճակից, և այդպիսով ընտրակաշառքն օգտագործում են իշխանության վերարտադրման համար:

«Փողի գործոնն է աշխատում, և իրականում տեղի է ունենում փողի ընտրություն. ով ինչքան շատ է տալիս, այնքան ձայն է հավաքում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա պարտության պատճառները մի քանիսն են. նախ` ընդդիմությունը երբեք չի օգտագործում փողի գործոնը, ավելին` նա մշտապես փորձում է այն չեզոքացնել, այդ պատճառով` յուրաքանչյուր ընտրությունից հետո ավելի քիչ է ներկայացված լինում:

Բացի այդ` տիկին Սարգսյանը չհերքեց, որ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի ձայների կորստի պատճառը նախագահական ընտրություններում չմասնակցելն էր:

Տեսանյութեր

Լրահոս