Քաղաքապետի տեղակալների մասին դեռ չեն ուզում խոսել

Երեւանի ավագանու ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած երեք քաղաքական ուժերը դեռ չեն քննարկել քաղաքապետի տեղակալի պաշտոնի հարցը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի գրասենյակներից:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ինչպես նշել է այդ կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը, Հանրապետականն այդ հարցին կանդրադառնա միայն պաշտոնական արդյունքների հրապարակումից հետ:

Ի դեպ, նշենք, որ Երեւանի նորընտիր ավագանին առաջին նիստը կգումարի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

Այսպես է նախանշված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով:

Մինչեւ քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը կվարի ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

Օրենքով, քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ եւ կարող է ունենալ եւս ոչ ավելի, քան 3 տեղակալներ: Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է վերջինիս բացակայության ժամանակ: Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երեւանի ավագանու անդամ:

Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Փաստինֆո

 

Տեսանյութեր

Լրահոս