ԸԸՀ-ները ստացել են շուրջ 160 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ մայրաքաղաքի բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սահմանված ժամկետում՝ մայիսի 6-ի ժամը 12-ից մինչև ժամը 18-ը, ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 160 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ: Ստացվել են նաև մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ: Դիմումատուները «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձինք են, նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, վերահաշվարկի մասին դիմումներից որոշներն իրավաչափ չեն, քանի որ ներկայացված են ոչ իրավասու անձանց կողմից, ուստի դրանց ընթացք չի տրվի: Ինչ վերաբերում է մնացած դիմումներին, ապա, ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, ԸԸՀ-ները վերահաշվարկի աշխատանքները սկսել են մայիսի 7-ի ժամը 9-ից: Վերահաշվարկը կավարտվի մինչև մայիսի 10-ի ժամը 14-ը:

ԿԸՀ-ը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, մայիսի 12-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և դրանց վերաբերյալ կընդունի որոշում:

Ընտրական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԿԸՀ-ն կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին,

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին,

3) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու և Երևանի ավագանու անդամների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին,

4) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս