Իսկ ի՞նչ արժե քաղաքական արժանապատվությունը

Ինչո՞ւ ընդդիմությունը խայտառակ պարտություն կրեց Երևանի ավագանու ընտրություններում։ Այս հարցը դեռ որոշ ժամանակ քննարկվելու է, սակայն արդեն իսկ պատասխանները մտորումների տեղիք են տալիս։  Կեղծե՞լ են։ Այս պատասխանն այլևս չի անցնում։ Որովհետև հաջորդ հարցն ավելի դաժան է, ու պատասխան գտնելը՝ ավելի դժվար: Ինչպե՞ս կարողացան կեղծել։ Չէ՞ որ ընդդիմությունը հայտարարում էր, որ տեր է կանգնելու իր ձայներին։ Իսկ եթե խոստանում ես ու տեր չես կանգնում՝ դա արդեն նշանակում է, որ խոստումդ չես կատարում։ Ունակ չես։ Իսկ եթե մի հարցում խոստումդ չես պահում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ կպահես մյուս հարցերում՝ իշխանության գալու դեպքում: Դրա համար էլ պարտության մեղքը գցում են ժողովրդի վրա։ Այսինքն՝ ասում են՝ ընտրակաշառք են վերցրել, ծախվել են, մենք ի՞նչ անենք։ Ու եթե նախկինում դա անում էին քողարկված՝ ընտրողներին չվիրավորելու համար, ապա այսօր բացահայտ իրենց ձախողման մեղավոր համարում են ժողովրդին։ Օրինակ, ՀԱԿԿ անդամ Զոյա Թադևոսյանը News.am-ի հետ զրույցում ասել է. «Ես կարծում էի՝ մարդկանց մեջ ինչ-որ տեղ արժանապատվությունը ցավում է, և այդ ցավացող արժանապատվության համար պետք էր ուղղակի մերժել հանցագործներին: Բայց, փաստորեն, չի ցավում, կամ արժանապատվությունն ինչ-որ գումար արժի, երբ գումարը կա, արժանապատվությունը դառնում է երկրորդական»:

Պա՞րզ է։ ՀԱԿԿ-ն պարտվել է, որովհետև ժողովրդի մեծ մասը վաճառել է իր արժանապատվությունը կամ չի հոգում դրա մասին։
Իսկ արդյո՞ք ինքը՝ քաղաքական ուժը, որևէ մեղավորություն չունի ձախողման համար։ Այս հարցն արդեն որպես վիրավորանք է ընկալվում. «Եթե մարդիկ փող են վերցնում և գնում-քվեարկում, Կոնգրեսի մեղավորությունը ո՞րն է, Կոնգրե՞սն է երկրի իշխանության տերը, Կոնգրե՞սն է որոշում՝ հասարակության արժանապատվություննն ինչ տեղում պետք է գտնվի, ուրեմն  ստացվում է, որ գողը մեղավոր չէ, գողին բռնել չկարողացողն է մեղավոր»:
Ահա այսպիսի մոտեցում։ Տեսնես աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ քաղաքական ուժն իր պարտության մեղքը գցի ընտրողի վրա՝ չեմ ընտրվել, որովհետև չեն ընտրել։ Իսկ ինչո՞ւ չեն ընտրել։ Չէ՞ որ կարող էին գումարը վերցնել ու ձեզ ընտրել, ինչպես, ըստ լուրերի, եղավ Գյումրիում նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս հարցը պատասխան չի ստանում։
Իհարկե, ընտրակաշառք վերցնելը լավ բան չէ։ Բայց եթե ընդդիմադիր ուժն այս ժողովրդին (կամ նրա մեծ մասին) համարում է քրոնիկ ծախվող, դա նշանակում է՝ Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինի։
Որովհետև, եթե ժողովրդի վիճակը վատանա, աղքատությունն աճի, մարդիկ օրվա կարիքները հոգալու  համար ավելի մեծ պատրաստակամությամբ կվերցնեն 5000-10000 դրամը և ձայնը կտան իշխանությանը։ Իսկ եթե հակառակը՝ վիճակը լավանա, ապա ինչո՞ւ պետք է դեմ քվեարկեն իրենց վիճակը բարելավող իշխանություններին։ Ստացվում է փակուղի, որովհետև մի կողմից՝ ընտրությունների միջոցով անհնար է իշխանություն փոխել՝ ժողովրդի ծախվածության պատճառով, մյուս կողմից՝ հայտարարում ես՝ ամեն ինչ սահմանադրական ճանապարհով։  Ու եթե այսքանից հետո շարունակում ես խոսել պայքարի մասին, ուրեմն դա, մեղմ ասած, քամի է, և կապ չունի՝ սարերի՞, թե՞ տափաստանային։
Ի դեպ, ձախողման պատճառների առումով՝ «Ժառանգությունն» ավելի անկեղծ գտնվեց։ «Ընտրակաշառքը իր դերը խաղաց: Կար նաև հիասթափված մարդկանց մի զանգված, որոնք չգնացին ընտրության, ու դա ևս բերեց ընդդիմության ձայների նվազեցմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։
Հ. Խուրշուդյանը չի նշել, թե կոնկրետ ինչից է հիասթափվել ժողովուրդը, բայց կարելի է գլխի ընկնել։ Օրինակ՝ կարելի էր հիասթափվել, որ ընդդիմադիր (կամ իրենց ընդդիմադիր համարող) ուժերն այսքան տարիների դառը փորձից հետո կրկին չմիավորվեցին Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին։ Ոչ միայն չմիավորվեցին, այլև ավելի շատ զբաղված էին մեկը մյուսին քննադատելով, քան՝ իշխանության թեկնածուին։ Ու այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր ուժերի գերնպատակը ոչ թե գործող իշխանությանը հեռացնելն է, այլ՝ ամեն գնով թույլ չտալը, որ իրենցից բացի՝ որևէ այլ ընդդիմադիր ուժ վերցնի իշխանությունը։ Այսինքն՝ առանձին-առանձին յուրաքանչյուրը մտածում է՝ կա՛մ մենք, կա՛մ իշխանությունը… ուրիշ ոչ ոք։
Պարտության գլխավոր պատճառը հենց դա է. չի կարելի սեփական քաղաքական էգոիստությունը թաքցնել ու մեղքը բարդել ժողովրդի վրա՝ նրան մեղադրելով «ընտրակաշառքային կախվածության» մեջ։
Ամենացավալին այն է, որ դատելով այս ամենից, հաջորդ ընտրություններին իշխանությունն ավելի մեծ ձայներ է հավաքելու։  Որովհետև ընտրողն ընտրություններից անմիջապես հետո ավելի հիասթափվեց։ Եթե մինչև ընտրությունները հույս ունեին, որ գոնե մայիսի 6-ին ընդդիմությունը վերջապես միասնական ճակատով հանդես կգա, ապա գիշերը ժամը 1-ից հետո այդ հույսն էլ մարեց։ ՀԱԿԿ-ն անմիջապես «բոչկա գլորեց» «Բարև, Երևանի» վրա՝ լուսանկար տարածելով, թե ինչպես է այդ դաշինքի ներկայացուցիչը շամպայնով շնորհավորում ՀՀԿ-ին։ «Ժառանգությունն»՝ իր հերթին, ետ չի կանգնում ԲՀԿ-ին դատի տալու մտքից։ ԲՀԿ-ն, որ խոստանում էր պահել ձայները, երեկ այնպիսի ամորֆ հայտարարություն է տարածել՝ ընտրական մեխանիզմի բարելավման մասին, որ դժվար է անգամ մեկնաբանել բուռն նախընտրական ելույթներից հետո։ ՀՅԴ-ն նույնպես չեզոք է… Բոլորը երևի մտածում են՝ ժողովուրդն է մեղավոր։ Իսկ ի՞նչ է անում հիասթափված ընտրողը՝ վերջնականապես համոզվելով, որ այս երկրում փոփոխություններ չեն լինելու։ Իհարկե, արտագաղթում է։
Ու եթե վերջին 5 տարիներին արտագաղթել է շուրջ 180 հազար մարդ, հաջորդ 5 տարվա ընթացքում թիվն ավելի մեծ է լինելու։ Արտագաղթողներն էլ, առաջին հերթին, ընդդիմության ընտրողներն են լինելու։ Բա հո չե՞ն մնալու ու հեղափոխություն անեն, առավել ևս՝ եթե իրենցից ոչ ոք նման բան չի պահանջում։
Իհարկե, կարելի էր ընդդիմադիր ուժերին հիշեցնել հին իմաստությունը՝ ցախավելի շիվերը կոտրելու մասին։ Բայց անօգուտ է… մինչ ընդդիմությունն ինքն իր դեմ էր պայքարում, իշխանությունը ցախավելը փոխարինել է «պոլի փետով»։

 

Տեսանյութեր

Լրահոս