Երիտհանրապետականները չեն արդարացրել Նաիրա Զոհրաբյանի սպասելիքները
Հարցազրույց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի հետ
– Ինչպե՞ս կգնահատեք քվեարկության ընթացքը:
– Ես խորապես հիասթափված եմ այն փաստից, որ մինչև այս պահը մեզ չի հաջողվել ընտրակեղծիքի որևէ նոր տեսակ հայտնաբերել: Ինձ թվում էր, որ երիտհանրապետականությունը, օգտագործելով իր կրեատիվ մտածողությունը, այս ընտրություններին կներկայանար ընտրակեղծարարության նոր շեդևրներով: Մինչդեռ տեղի է ունեցել հետնահանջ՝ դեպի 90-ականներ. հիշո՞ւմ եք, այդ տարիներին ընտրակեղծիքներ անելու համար հոսանքազրկում էին ընտրատեղամասերը: Այսօր էլ երկու-երեք ընտրատեղամասից, որոնք գտնվում են նկուղային հարկերում և վատ լուսավորում ունեն, ահազանգ ենք ստացել, որ լույսերն անջատվել են, և քվեարկությունը շարունակվում է մոմի լույսի տակ:
Մասնավորապես, 10/1 տեղամասում նման վիճակ է, Էրեբունիի տեղամասերից մեկը հոսանքազրկվեց, բայց ահազանգից հետո հոսանքը միացվեց: Նույնը վերաբերում է հավերժական խնդիր դարձած թանաքների անհետացմանը: Չնայած ԿԸՀ-ում կազմակերպված շոու-փորձաքննությանը, կնիքներն այս ընտրության ժամանակ էլ կամ շատ արագ անհետանում են, կամ անձեռոցիկով հեշտ մաքրվում, ընտրատեղամասերի առաջ գունավոր գրիչներ են բաժանում, և, չգիտես՝ ինչո՞ւ, հիմնականում՝ կանաչ:
Քիչ առաջ եղել եմ 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, որտեղ շրջիկ և ագրեսիվ ակտիվիստները փորձում են ուղղորդել ընտրողներին`ում ընտրեն, ոնց քվեարկեն: Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ընտրակեղծիքները նույնն են, և ոչ մի նորարարություն:
– ԲՀԿ-ն հայտարարել է, որ բռնելու է ընտրակեղծարարների ձեռքը: Ձեզ հաջողվո՞ւմ է կատարել ձեր խոստումը:
– Առ այս պահը բարձր եմ գնահատում ոչ կոալիցիոն ուժերի համագործակցությունը: Մեզ հաջողվում է շատ օպերատիվ տեղեկատվություն փոխանակել, շատ տեղամասերում կանխվել են ընտրակեղծարարության փորձերը, մասնավորապես՝ այլ անձի անձնագրով քվեարկելու փորձերը: Այնպես որ, այս պահի դրությամբ համագործակցությունը կայացել է, և հույս ունեմ, որ դա կշարունակվի ողջ օրվա ընթացքում:
– Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ԲՀԿ-ին և ոչ կոալիցիոն ուժերին հաջողվում է կանխել ընտրակեղծիքները և ապահովել նորմալ ընտրական գործընթաց:
– Դժվար է ասել՝ հաջողվո՞ւմ է, թե՞ ոչ, այս պահին ես չեմ կարող նման պատասխանատու հայտարարություն անել, բայց, որ մեր գործողությունները որոշակի կանխարգելիչ ազդեցություն ունենում են, փաստ է:
– Եթե ընդհանրացնեք, կարո՞ղ եք ասել, որ Դուք բավարարված եք քվեարկության ընթացքից:
– Այս պահի դրությամբ՝ ԲՀԿ-ն հիմնականում՝ իր ռեսուրսներով, ինչպես նաև՝ ոչ կոալիցիոն գործընկերների աջակցությամբ, կարողանում է արձագանքել ընտրակեղծարարության փորձերին և հիմնականում կանխել դրանք: Առայժմ կարող եմ ասել այսքանը:



