
Գյումրիում հերթը հասավ «գազելների» վարորդներին. մամուլ

«Երեկ կեսօրից ճանապարհային ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Գյումրու միկրոավտոբուսներում՝ նախ պահանջելով վարորդների փաստաթղթերը, ձեռքի հետ էլ թմրանյութ փնտրելով»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ մեր տեղեկությունների՝ վարորդներից շատերը տուգանվել են՝ դուրս հանվելով երթուղուց, շատերն էլ, լսելով այս գույժը, կիսատ են թողել իրենց աշխատանքն ու հեռացել: Արդյունքում ուղևորները ժամերով սպասում էին որոշ երթուղիների միկրոավտոբուսներին: Իսկ թե ինչու են ստուգումներ իրականացնում հենց միկրոավտոբուսներում, ոստիկանները նախապես տեղեկություններ ունեին այն մասին, որ վարորդներից շատերը աշխատում են աոանց փաստաթղթերի, չունեն D կարգի վարորդական իրավունք, առանց որի չի թույլատրվում վարել ավտոբուս կամ միկրոավտոբուս:
Ավելին, երեկոյան ժամերին Գյումրու միկրոավտոբուսները վարում է՝ ով պատահի, հիմնականում անչափահաս ջահելներ՝ երբեմն ոչ այնքան սթափ վիճակում:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանների այս օպերացիան պայմանավորված է նաև նրանով, որ որոշ երթուղիներ դեռ պատկանում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գերդաստանին ու շրջապատին:
Օրինակ՝ 22 երթուղու տերը անմիջապես նախկին պաշտոնյայի որդին է: Ի դեպ, երեկ միկրոավտոբուսների վարորդները վախենում էին կատարել ուղևորների պահանջները ու չէին կանգնում՝ որտեղ պատահի»: