
Խոշոր առևտրականները շարունակում են կուլ տալ մանրերին

Մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում փոքր բիզնեսի և մասնավորապես կրպակատերերի դերը գնալով թուլանում է։ Նրանց առևտրի ծավալները գնալով փոքրանում են՝ տեղը զիջելով առավել մեծ խանութներին և սուպերմարկետներին։ Այս մասին վկայում են անգամ պաշտոնական վիճակագրության տվյալները։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը հանրապետությունում աճել է 5%-ով և կազմել 267.5 միլիարդ դրամ։ Սակայն եթե խոշոր խանութների միջոցով իրականացված առևտրի ծավալները աճել են 15.6%-ով, կրպակների շրջանառությունը նվազել է 18.1%-ով, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 12.6%-ով, իսկ սպառողական ապրանքների շուկաներինը՝ 36.1%-ով։ Արդյունքում, խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալները իրենց տեսակարար կշռով հասել են 70.4%-ի։ Մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 63.9% էր։