
ԿԲ նախագահը ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պաշտոնյային

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելոռուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
ԿԲ Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ Հայաստանում գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը:
Պարոն Ֆորիեսթերն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, նշելով՝ ՀՀ բանկային համակարգի և ՎԶԵԲ միջև վերջին տարիներին արձանագրված գործակցության բարձր մակարդակը, ինչին նպաստել են նաև ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված ԿԲ ջանքերը: Նա նաև ներկայացրել է ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելոռուսի տարածաշրջանային նոր տնօրեն Բրունո Պալվաներային:
Պարոն Ջավադյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ֆորիեսթերին արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին կհաջողվի ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու համագործակցության մակարդակը: