Սարի թաղի բնակիչների բաց նամակը՝ Տարոն Մարգարյանին. «Ահազանգ. Վերադարձրեք մեր բակը»
«Սարի թաղի 8-9-րդ շարքի կենտրոնով անցնող ճանապարհի հատման մասում մի փոքր ազատ տարածք կար, որն այժմ բռնազավթվել է ինչ-որ Պետոյի կողմից. հիմքերը գցել են, բավական քանակությամբ շինանյութ կուտակել և արագ թափով «մոյկա» են կառուցում։
Սարի թաղի ամբողջ պատմության մեջ այդ տարածքում ոչ ոքի կողմից չի զավթվել այդ վայրը, այն եղել է մեզ համար հանգստի գոտի, տղամարդիկ նարդի են խաղացել, իսկ երեխաները վազվել են և ազատ խաղեր խաղացել։ Շինարարությունը կատարվում է անօրինական։ Մենք բողոքեցինք թաղապետարան և քաղաքապետարան։ Ներկայումս թաղապետարանի աչալուրջ պաշտոնյաների շնորհիվ կառուցումը կասեցվել է, սակայն մինչ օրս կուտակված շինանյութը չի մաքրվել։
Երեխաները ստիպված նոր խաղեր են հնարել` քարերի հետևից կռիվ-կռիվ են խաղում, որը մեր թաղում ապրող կանանց մեծ անհանգստություն է պատճառում, քանի որ այն անվտանգ չէ երեխաների համար։
Մենք՝ թաղի բնակիչներով, երաշխիք չենք տեսնում, որ կառուցապաումը չի շարունակվի, քանի որ շինարարությունը սկսող անձինք հոխորտում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` ասելով, որ իրենք հանրապետական են, Տարոնն իրենց խոստացել է օժանդակել»,- գրում են բնակիչները՝ հավելելով, թե այնուամենայնիվ, իրենք չեն ցանկանում հավատալ, որ Տարոն Մարգարյանը կարող է օժանդակել այդ «մոյկա» կառուցողին:
Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են մեր կայքի միջոցով իրենց խոսքը հասցնել Տարոն Մարգարյանին։
«Հարգելի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Մենք` Սարի թաղի 8-9-րդ շարքի բնակիչներս, ուզում ենք ունենալ մեր բակը, ինչպես Երևանի շատ բակերը` գեղեցիկ և լավ, այդ տարածքում օժանդակեք մեզ կառուցել երեխաների և մեծերի համար հանգստի վայր, թե չէ՝ կարծես Սարի թաղը Երևանի խորթ զավակը լինի. ամբողջ Երևանի պատմության մեջ ոչ մի անգամ Սարի թաղում չեն կառուցվել երեխաների համար խաղահրապարակներ։ Միայն ընտրությունից ընտրություն փողոցն են ասֆալտապատել։
Եվ Ձեր կարգախոսը` «Ավելի լավ Երևան», արդեն գեղեցիկ կլինի բոլորիս համար»։
Սարի թաղի 8-9-րդ շարքի մի խումբ բնակիչներ