Ինչո՞ւ էին ԲՀԿ-ի համակիրներին տեղափոխում Տարոն Մարգարյանի և Սամվել Ալեքսանյանի` գծից դուրս բերված երթուղային մեքենաները
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Երևանի Ազատության հրապարակում անցկացրեց բազմահազարանոց հանրահավաք:
Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում լրագրողները ԲՀԿ մամլո խոսնակից խնդրեցին մեկնաբանել այն փաստերը, որ երեկ տասնյակ մեքենաներով Աբովյան քաղաքի բնակիչներ էին բերվում Երևան` մասնակցելու հանրահավաքին, ինչպես նաև Երևանի ծայրամասերից բնակիչներին տեղափոխելու համար օգտագործվում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսյանին պատկանող երթուղային մեքենաները, իսկ բացի այդ` հանրահավաքին բերվել էին նույնիսկ ավագ դպրոցի աշակերտներ:
Այս հարցադրմանը Տիգրան Ուրիխանյանը տվեց երկու պատասխան:
«Երբ հավաքվում են մի քանի տասյնակ հազար մարդիկ, բնականաբար, շատ հեշտ է այնտեղ գտնել մի քանի մանկահասակ երեխա, մի քանի այլ բնակավայրերի գրանցում ունեցող քաղաքացի: 30 հազարի մեջ կարելի է և´ 3, և´ 30, և´ 300 տարածքային այլ պատկանելիություն ունեցող մարդ գտնել: Սա հաստատում է այն, որ բոլորը գիտակցեցին ԲՀԿ-ի հզորությունը և փորձում են գտնել ինչ-որ բաց տեղեր հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների մեջ, մարդկանց ներկայության առումով և այլն»,- ասաց Ուրիխանյանը:
«Երկրորդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Երևանի բնակիչները, կներեք, բայց կարծում եմ` ունեն իրավունք` ազատ տեղաշարժվելու իրենց համար նախընտրելի ցանկացած փոխադրամիջոցով, և եթե ինչ-որ փոխադրամիջոցներ պատկանում են Ձեր կողմից նշված մարդկանց, դրանում ո´չ երևանցիներն են մեղավոր, ո´չ ԲՀԿ այլ ներկայացուցիչներ, ո´չ հանրահավաքի կամ քաղաքական գործընթացների հետ մեր մասով առընչվողներ»,-շարունակեց նա:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը շեշտեց, որ Տարոն Մարգարյանին և Սամվել Ալեքսյանին պատկանող երթուղային մեքենաները երթևեկում էին իրենց երթուղուց դուրս, ինչից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն դրանց վարձակալել էր կամ միգուցե դրանք տրամադրվել էին բարիդրացիական հարաբերությունների արդյունքում:
«Ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե որ համարի և ում պատկանող փոխադրամիջոցն վարձակալվել: Եվ նորից եմ կրկնում` եթե վարձակալվել են, վարձակալվել են տրանսպորտային փոխադրամիջոցներ, այսինքն ինձ առանձնապես չի հուզում` ում է պատկանում այս կամ այն տրանսպորտային միջոցը, ինձ հետաքրքրում է, որպեսզի նուբարաշենցին կամ, ասենք, դավիթաշենցին ոչ թե ոտքով գա, այլ եթե տարածքային կառույցները կազմակերպում են, մարդիկ գան մասնակցեն այդտեղ: Ընդ որում` նկատեք, որ հանրահավաքի մասնակիցները պարտավոր չէին ոտքով գալ»,- ի պատասխան ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Իսկ այն դիտարկման մասին, որ հրապարակի շրջակայքում կային հարյուրավոր աբովյանցիներ, Ուրիխանյանն ասաց, որ համաձայն չէ, թե հարյուրավոր մարդիկ կազմակերպված եկել էին Աբովյանից, և առաջարկեց փաստերի դեպքում դրանք ներկայացնել: Սրան էլ ի պատասխան լրագրողը խոստացավ տրամադրել լուսանկարները:
Ինչ վերաբերում է կոնկրետ մանկահասակ երեխաներին, դպրոցականներին կամ Աբովյան քաղաքի բնակիչների ներկայությանը Ազատության հրապարակում, այս պասին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ինչ-որ զարմանալի բան կա՞ր, որ ցանկացած պարագայում այնտեղ, որտեղ հայտնվում է ԲՀԿ առաջնորդը, քաղաքական թիմը, որտեղ հայտարարվում է հանրահավաք, հանդիպում լայն զանգվածների հետ, պիտի ցանկություն առաջանա բազմաթիվ մարդկանց ներկա գտնվելուն»: