Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ընդդիմադիր գործիչների հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության կապակցությամբ, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկայի ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներին: Կողմերը կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:

Շտեֆան Ֆյուլեն երեկ հանդիպել է նաև ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումը տևել է 3 ժամ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, Ադրբեջանի հասարակական-քաղաքական գործընթացները, առաջիկա նախագահական ընտրությունների հարցը, քաղաքացիական հասարակության և ընդհնարապես ժողովրդավարական ճամբարի դեմ իշխանությունների գործադրած բռնությունները:

Ընդդիմադիր գործիչները Ֆյուելի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա: Մասնավորապես ընդգծվել են օրենսդրության մեջ պատրաստվող արմատական ուղղումները (վարչական պատիժների ժամկետի մեծացումը, համացանցում զրպարտանքի համար քրեական պատասխանատվության սահմանումը):

Քննարկվել է նաև կալանքի տակ պահվող Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի և NIDA շարժման ակտիվիստների ձերբակալման հարցը: Ֆյուլեն հավաստիացրել է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները մշտապես գտնվում են ԵՄ-ի ուշադրության կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս