
Audi A3. Դասական թափքը կրկին մոդայիկ է

Այսպես կոչված, գոլֆ-դասի մեքենաների սիրահարները ուրախանալու հերթական առիթն ունեցան. այս սեգմենտը համալրվեց Audi A3 սեդանով, որը ներկայացվեց Շանհայի միջազգային ավտոսալոնում։
Գերմանիայի ավտոմեքենաների շուկայի առաջատարներից մեկը՝ Audi-ն, Շանհայի ավտոսալոնում պաշտոնապես ներկայացրեց Audi A3 սեդանը և դրա մոդիֆիկացված տարբերակը՝ S3-ը։
Մասնագետների կարծիքով, մեքենան յուրահատուկ պատասխան էր վերջերս ներկայացված Mercedes-Benz CLA-ին։
Ինչպես և վերջերս շուկայում հայտնված A3 Sportback հեչբեկը, Audi-ի նոր մեքենան կառուցված է MQB պլատֆորմի հիման վրա, որի երկարությունը 4.46 մետր է։ Բեռնախցիկի տարողությունը 425 լիտր է։
4-դռնանի նոր սեդանը կհամալրվի կրուիզ-կոնտրոլ համակարգով, «պանորամա» տանիքով, դիմային բախման նախազգուշացման համակարգով և այլ համակարգերով։
Մեքենայի ապագա սեփականատերերին արտադրողն առաջարկում է 4 մխոցանի երեք շարժիչների ընտրության հնարավորություն։ Դրանցից երկուսը բենզինային են՝ 1.4 և 1.8 լիտր աշխատանքային ծավալով` համապատասխանաբար, 140 և 170 հզորությամբ։
Այս երկուսից բացի՝ կառաջարկվի նաև 2 լիտր աշխատանքային ծավալով դիզելային շարժիչ՝ 150 ձիաուժ հզորությամբ։