Դատարանը քաղաքական պատվեր կատարեց
Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ, մերժել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով նա վիճարկում էր պետռեգիստրի՝ ՍԴՀԿ անունով կուսակցություն գրանցելու որոշումը: Լյուդմիլա Սարգսյանը ղեկավարում է կուսակցություն, որն իրեն համարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն: Սակայն պետռեգիստրը գրանցել է Գևորգ Պերկուպեկյանի ատենապետությամբ գործող ՍԴՀԿ-ն: Սարգսյանը համարում է, որ դատարանի վճիռը ոչ թե իրավական է, այլ քաղաքական, և նա մտադիր է այն բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Թե ինչու է պետռեգիստրը նման որոշում կայացրել, և, թե ինչու է դատավոր Ռուբեն Բունիաթյանը նման վճիռ կայացրել, դժվար չէ գլխի ընկնել: Պերկուպեկյանի գլխավորած կուսակցությունը հայտարարել էր, որ սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և ընտրություններից հետո առաջիններից է շնորհավորել նրան վերընտրության առիթով, մինչդեռ Լյուդմիլա Սարգսյանը ընդդիմադիր ՀԱԿ դաշինքի անդամ է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր: Այնպես որ, դատարանից այլ վճիռ սպասելը նույնիսկ անտրամաբանական կլիներ:
Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու է Սարգսյանը որոշել դիմել վերաքննիչ դատարան: Եթե դատարանները ոչ թե իրավական, այլ քաղաքական վճիռ են կայացնում, ապա դա չի կարող սահմանափակվել միայն առաջին ատյանի դատարանով, և նույն քաղաքական պատվերը կրկնվելու է նաև դատական մյուս ատյաններում: Չնայած՝ նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակներում անգամ, մարդիկ չեն կորցնում հույսը, գոնե՝ հրաշքի նկատմամբ: