Արարատ լեռան մոտ տեղադրված ականների վրա պայթել է երկու թուրք զինծառայող
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանին սահմանակից Իգդիրի նահանգում այսօր ականի վրա պայթել է երկու թուրք զինծառայող, որոնք դրա հետևանքով մահացել են:
Պայթյունները որոտացել են Արարատ լեռը զբոսաշրջային սեզոնի համար բացվելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումից հետո, որին մասնակցել է Իգդիրի նահանգապես Ահմեթ Փեքը:
Զինծառայողներն ականի վրա պայթել են այդ միջոցառումից հետո՝ պարեկություն կատարելիս: Շարքայիններին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նրանք ավելի ուշ մահացել են ստացած վերքերից:
Նահանգապետը հաստատել է, որ նման պայթյուններ գրանցվել են նաև նախկինում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Նա հավելել է, որ տվյալ տարածքը ժամանակին ականազերծվել է, սակայն, ինչպես երևում է, մի քանի ական դեռ մնացել է:
Հիշեցնենք, որ Թուրքիան «Սառը պատերազմի» տարիներին հայ-թուրքական սահմանին տեղադրել է 21.984 ական: