Պետրոս Ղազարյանի պատասխանը՝ Արմեն Աշոտյանի քննադատությանը
Քիչ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքում պատասխանել է ՀՀԿ-փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Աշոտյանի հետ համաձայն եմ: Մեր հեռուստաալիքը երբեմն անհրաժեշտ բարձրության վրա չի:
Երբ Տարոն Մարգարյանը ցույց է տալիս մի քանի միլիոն դոլարի անհայտ ծագման ունեցվածք և հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն չի անում՝ պարզելու համար այդ միլիոնների ծագումը, իրոք, լավ չի:
Երբ միջին աշծատավարձը 200 դոլարի չի հասնում, իսկ քաղաքապետարանը 500 դոլար է ծախսում մեկ շանը սպանելու համար, իսկ մեր հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն չի անցկացնում՝ պարզելու համար, թե քաղաքապետարանն ինչ տարօրինակ քիլլերներ է վարձել շներին սպանելու համար՝ նույնպես լավ չէ:
Երբ ձեր թիմակիցները ծեծում են երիտասարդ ակտիվիստին, իր կնոջ ներկայությամբ, ծեծում են լրագրողին և մինչև հիմա ազատ ման են գալիս, ապա մեր հեռուստաընկերության մեղքն այն է, որ նրանց անունները մինչև հիմա ամբողջ հայությունը չգիտի:
Մինչև հիմա լրագրողական մակարդակում մենք բավարար չափով հարցադրումներ չենք արել, թե ինչպես մեր աղքատ երկրում Երևանի քաղաքապետը, վարչապետը, ձեր ԱԺ ցուցակի գեներալները, որ բացի պետական ու զինվորական ծառայությունից ոչ մի այլ բանով չեն զբաղվել, պաշտոնապես միլիոնատերեր են:
Ես ընդունում եմ մեր մեղքը, շնորհակալ եմ քննադատության համար:
Համաձայն եմ նաև Աշոտյանի հետ այն հարցում, որ մեր երկրում խոսքի ազատությունը մեկ քայլ առաջ է գնացել: Սա անհերքելի իրողություն է և իշխանություններն այստեղ ունեն իրենց լուրջ ներդրումը: Սակայն նախընտրական այս շրջանում Տարոն մարգարյանի համեմատաբար քիչ երևալը հեռուստաեթերում, ոչ թե խոսքի ազատության արգասիք է, այլ այն պարզ տրամաբանության շարունակությունը, որից ելնելով, նախագահ Սերժ Սարգսյանը պառլամենտական ընտրարշավի ժամանակ ոչ մի հանրապետականի թույլ չտվեց ոչ միայն ժողովրդի հետ անմիջական շփվել, այլ անգամ իր կողքին կանգնել; Վստահ եմ Ձեր մտքի ճկունությունն անմիջապես կըմբռնի՝ ինչու:
Եվ որպես ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու, երբ Ձեր թիմակիցներին հարցնում են՝ որտեղից քաղաքապետին միլիոններ, մի պատասխանեք՝ դիմեք իրավապահ մարմիններին: Մայիսի հինգին մենք ընտրելու ենք ոչ թե իրավապահ մարմիններ, այլ քաղաքապետ:
Մի ասեք, որ սա ընդդիմության կամ «Բարգավաճի» կազմակերպած սև PR-ն է: Տարոն Մարգարյանի հայտարարագիրը Նաիրա Զոհրաբյանը չի լրացրել, միլիոններն էլ Գագիկ Ծառուկյանը չի նվիրաբերել: Եվ եթե ԲՀԿ-ում ինչ-որ մեկը հարկեր չի մուծում, ինչ-որ մեկը որևէ օրենք է խախտում, գնացեք և ստուգեք, կիրառեք օրենքի ողջ խստությունը: Իսկ եթե Դուք նման փաստեր գիտեք և ոչ մի գործողություն չեք նախաձեռնում, ուրեմն կամ մեղսակից եք, կամ անգործունյա: Նկատի ունեմ համապատասխան իշխանություններին:
Միայն չհասկացա «աղմկոտ հեռուստաեթերի» մասին Ձեր գրառումը: Հեռուստատեսային ողջ եթերն աղմկոտ է, նույնիսկ երբ ГЦП ես միացնում: Միակ դեպքը, որի ժամանակ աղմուկ չի լինում, երբ մեկը մահանում է և հեռուստաեթերը մեկ րոպե լռությամբ հարգում է վերջինիս հիշատակը: Չէի ցանկանա, որ Ձեր քաղաքական թիմի կարիերան նման եթերի արժանանար:
Ուրբաթ օրը՝ քարոզարշավի ավարտին, ես հրավիրել եմ բոլոր թեկնածուներին և կուսակցական լիդերներին բաց բանավեճի: Բոլորն ընդունել են հրավերը, բացի հանրապետականից: ես չեմ աղմկելու, միմյայն թեկնածուները: Խոստանում եմ ժամանակի և պայմանների հավասարություն, մանավանդ, որ ուղիղ եթեր է լինելու: Ելնելով մեր հեռուստատեսության և խոսքի ազատության նկատմամբ Ձեր խորագույն հոգատարությունից, վստահ եմ կընդունեք այս հրավերը»: