Բաժիններ՝

Ինտելեկտուալ զրույց Բելաջիոյի Գրիշի և լրագրողի միջև

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրեն ուղղված մեր հարցին չպատասխանելով՝ ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, սկսեց շատ արագ քայլել, լույսի արագությամբ բարձրացավ երկրորդ հարկ ու անհետացավ ԱԺ դահլիճում: Կես ժամ հետո նա հաստատակամ վերադարձավ. կանգնած դիրքից ակնհայտ էր, որ այլևս «ինստրուկտաժն» անցել է և ցանկանում է հարցին պատասխանել:

Չհիասթափեցրինք. «Տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատում եք ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին»: «Սովորաբար ասեմ Ձեզ. Ձեր հարցերը, երբ ես լսում եմ, բոլորը հերյուրանք են, անհիմն են` լրջագույն ձևով»: Ես հենց նոր «լրջագույն» հերյուրեցի՞ Ձեզ: «Այո»: Բայց Դուք հիշո՞ւմ եք, երբ ժամանակին Ձեզ հարցրի՝ պաշտպանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պատրաստակամ ասացիք` այո, և երկար-բարակ բացատրեցիք, թե ինչու: Փաստորեն, ես այնքան էլ չեմ հերյուրում` «սովորաբար»:

«Սերժ Սարգսյանին պաշտպանում եմ, այո, և պաշտպանել եմ: Ինչ վերաբերում է Ձեր վերոհիշյալ` նոր, որ հարցրիք, դա հերյուրանք է. այսօր Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահ, որին ես պաշտպանել եմ, Ձեր հարցն ուղղելիս ճիշտ հարց ուղղեք»: Պարոն Մարգարյան, շատ ճիշտ հարց ենք ուղղել, որովհետև Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը նույն թիմից են. Դուք եք կարծես անձի երկվության մեջ: «Բացարձակ` ոչ. իսկ որ Դուք հերյուրում եք, շանտաժային հարցեր եք տալիս, իսկ դա հաճելի՞ է. ինձ դա հաճելի չէ»: Բա հիմա Դուք ո՞ւմ եք պաշտպանում: «Ես չեմ ուզում Ձեր հարցին պատասխանել»: Ինչո՞ւ, չե՞ք ուզում տալ Օսկանյանի անունը: «Ոչ, որովհետև Ձեր հարցերը հերյուրում են և շանտաժ են պարունակում»:

Վերջին հերյուրանքը, պարոն Մարգարյան. տեսակետ կա, որ ԲՀԿ-ի գործարարներն իրերը կապել, սպասում են հրահանգի, որ ԲՀԿ-ից դուրս գան դեպի ՀՀԿ` Օսկանյանի վերջին` ընդդիմադիր դառնալու մասին հայտարարությունից հետո: «Շանտաժ, հերյուրանք, որը որ Ձեր շուրթերից ես լսում եմ վերջին տասը տարիների ընթացքում, ինչքան որ ես պատգամավոր եմ»:

Աչքիս՝ Ձեզ «լրջագույն» թրեյնինգ արեցին «թըմում», թե «ինչպես պատասխանել լրագրողին»: «Հա, գրավոր գրեցի, պատրաստվեցի-եկա, ի վիճակի չէի միանգամից պատասխանելու. Ձեր ինտելեկտն էնքա՜ն բարձր ա, էնքան բարձր ա, որ ես զարմանում եմ` մի՞թե այդպես բարձր ինտելեկտով մարդը կաշխատի լրագրող: Զարմանում եմ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս