Արամ Մանուկյանը խնդրում է իրեն չիջեցնել «Կարենի պլինտուսից» ներքև

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, թե նախընտրական այս շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին «կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր»: Մասնավորապես՝ ՀՀԿ պատգամավորը նշել էր. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի։ ԶԳՈՒՇԱՑԵՔ կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»:

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ կուսակության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Կարեն Ավագյանի վերոնշյալ հայտարարությանը, նախ ժպտաց, ապա նշեց. «Խորհուրդ կտամ լսել ԱԺ այսօրվա իմ հայտարարությունը, որը SOS է Հայաստանի այսօրվա իրավիճակի ու վաղվա օրվա հետ կապված: Ես հայտարարել եմ, որ սա ոչ իշխանության, ոչ ընդդդիմության խնդիր է, այլ պատմական կործանում: Եթե անգամ չարախոսողը կամ սուտասանը կամ այդ բարոյականության տերը ի վիճակի է լուծել իմ բարձրացված խնդիրը, կանգնեցնել արձագանքը, դրական ոչինչ չեմ ասի: Պատգամավոր են, փողոցի շարքային մարդ չեն, թող բարի լինեն ստուգել, թե որքան մարդ է լքում Հայաստանը այսօրվա իշխող քաղաքական ուժի պատճառով: Թող սլաքներ որևէ տեղ չուղղեն. Հայաստանը, առանց չափազանցության, մսխվում է, կործանվում է, սպառվում է: Ամիսը 20.000  մարդ ոչ թե արտագաղթում է, այլ՝ արտահանվում է: Այս երկիրը հինգ տարի հետո ոչ խորհրդարան կունենա, ոչ բանակ, եթե մահաբեր այս ընթացքը շարունակվի: Սա է մեր խնդիրը: Թե չէ՝ մակերեսային, թեթև-մեթև, իրար կպցրած մի երկու բառը անլուրջ չէ»:

Մեր դիտարկմանը, թե, ի վերջո, Կարեն Ավագյանի հայտարարությունը կոշտ չէ՞, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Վարկաբեկված մարդու ցանկացած հայտարարություն հակառակ էֆեկտն ունի: Պատկերացնո՞ւմ եք՝ Գեղամյանն այսօր ինչ-որ բանի համար կոչ անի, պարզ չէ՞, որ հակառակը կանեն: Վարկաբեկված իշխանության վարկաբեկված ներկայացուցիչները, երբ պատվիրված ելույթ են ունենում ինչ-որ մեկի դեմ, հավաստիացնում եմ, որ հակառակ էֆեկտն է ունենում: Ես այս երկրի քաղաքացին եմ ու տեսնում եմ՝ ինչ է կատարվում երկրում: Արտագաղթը սպառում է մեր երկիրը»:

Իսկ սպառված երկիրը, Արամ Մանուկյանի կարծիքով, ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, ոչ էլ ընտրություն չի կարող ունենալ:

Կարդացեք նաև

Արամ Մանուկյանը խնդրեց նաև Կարեն Ավագյանի հայտարարության մասին հարցեր չտալ ու իրեն չիջեցնել՝ «Կարենի պլինտուսից» ներքև, հասցնել իրեն նրա մակարդակին, երբ երկրի քաղաքացին լքում է Հայաստանը: Արամ Մանուկյանը խոսքով, իշխանությունը փոխանակ իր էներգիան, ռեսուրսները սևեռի քաղաքացուն երկրում պահելու համար, ամեն ինչ անում է՝ նպաստելու համար արտագաղթին:

Տեսանյութեր

Լրահոս