Բաժիններ՝

«Երկար ժանանակ ջուր չունենալուց հետո՝ մի քանի րոպե ջրից որդեր են դուրս գալիս». պատմում են Ուջանի բնակիչները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի խումբ գյուղացիներ այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջանի հատվածում փակել էին երթևեկությունը: Վերջիններս իրենց բողոքն էին արտահայտում Արագածոտնի մարզում կառուցված հէկ-երից, որոնք, ըստ գյուղացիների, կրճատում են գյուղ եկող ջուրը: Գյուղերի բնակիչները քանի տարի շարունակ տառապում են այս խնդրով, ահազանգում են համապատասխան պաշտոնյաներին, գերատեսչություններին, սակայն՝ ապարդյուն: Խնդիրը մինչ օրս ոչ միայն որևէ լուծում չի ստանում, այլև իշխանություններն անտարբերության են մատնում:

168.am-ի թղթակիցն այսօր այցելեց Ուջան՝ տեղում ծանոթանալու գյուղացիների բողոքներին: Գյուղի բնակիչ, բողոքի ակցիայի մասնակից Մյասնիկ Ղազարյանը պատմեց, որ ակցիային մասնակցել են 4 գյուղերի՝ Կոշ, Ուջան, Ավան, Լեռնարատ, բնակիչները.

«Այդ 4 գյուղերը մոտավորապես 8-9 հազար բնակիչ ունեն, և այդ գյուղերում պահում են մոտավորապես 100 հազար փոքր եղջերավոր և խոշոր եղջերավոր անասուններ:

Այդ բոլորը սնվում են սարից եկող ջրով: Այդ ջուրը պարսիկներն այսօր գէսեր են սարքում, ոչ թե այսօր,  այլ արդեն երրորդ տարին է: Այդ գէսերով բիզնես են անում, հոսանք են արտադրում, որ վաճառեն՝ հարստանան: Մենք մեր ատոմակայանն ունենք, ջրային գէսերն ունենք, քի՞չ էր, եկել են այդ 10 հազար բնակիչի վզին խփում են»: Գյուղի բնակիչն ասաց, որ ոռոգման ջրից չեն բողոքում: Նա նշեց, որ հիմնական խնդիրը խմելու ջուրն է: Գյուղում, ըստ բնակչի, 3-4 օրվա ընթացքում մեկ անգամ են ջուր ունենում. «Եղել է՝ 10 օրը մեկ է ջուր եկել»: Մյասնիկ Ղազարյանը նույնիսկ ասաց, որ եղել են դեպքեր, երբ մի քանի օր շարունակ ջուր չունենալուց հետո՝ ջրից որդեր են դուրս եկել. «Այո՛, խմելու ջրի մեջ: Դա էլ ասեմ՝ ինչպես է լինում:

Գարնանը անձրևները, որ վարար են, այս անձրևների պատճառով 10 օր է՝ ջրի վիճակը լավ է: Հես ա, որ շոգերն ընկավ, անձրևները կտրվեց, նույն վիճակն է, քանի որ այդ ոռոգման ջրերը չեն թողնի, որ գա սարերը ոռոգի, որ լինի արոտվայրերում անասունների համար, որ ներծծվի այդ ջրերը, գա, դառնա աղբյուրի ջրեր, և այս գյուղերն օգտվեն: Չեն թողնում: Բասեիններ են սարքում, լճեր են սարքում, գէսեր են սարքում, որ բիզնես անեն»: Գյուղի բնակիչն ասաց, որ արդեն երկու տարի է՝ այս խոսակցությունները շարունակվում են:

Մեր զրուցակից բնակիչը նաև պատմեց, որ բնակիչներով ստիպված են եղել բողոքի ակցիա կազմակերպել՝ ձեռք ձեռքի բռնած ճանապարհը փակել են՝ ղեկավարության ուշադրությունը հարցի նկատմամբ կենտրոնացնելու համար. «Այդ ճանապարհով գնում էին մարդիկ, որոնք շտապօգնությամբ հիվանդ էին տեղափոխում: 1000 բաներ կան, հո մենք թուրք չե՞նք: Դե, մենք էլ չէինք ուզում, բայց ստիպված էինք անեինք, որ իմանային բոլորը՝ վերադասը, ղեկավարությունը: Վերջիվերջո, ո՞ւր ենք հասնում այդ ձևով»: Մյասնիկ Ղազարյանի խոսքով՝ բողոքի ակցիայի ընթացքում որոշ պաշտոնյաներ իրենց խոստացել են կարգավորել հարցը, բայց թե ովքե՞ր էին այդ խոստացողները, բնակիչը չգիտի. «Անունները չգիտեմ, չեմ ճանաչում»:

«Գէսն աշխատացնում են, հոսանք են ծախում, իսկ ժողովուրդը պիտի մնա ծարավ»,- մեզ հետ զրույցում բողոքեց Ուջանի բնակիչներից մեկը՝ Ավետիք Թովմասյանը: Նա նշեց, որ, որքան ինքը տեղյակ է, գէսի սեփականատերն ազգությամբ պարսիկ է, սակայն ինքը ենթադրում է, որ դրանից մասնաբաժին ունեն նաև ազգությամբ որոշ հայեր: Նա նշեց, որ ինքը քիչ առաջ է վերադարձել քաղաքից, սակայն, եթե գյուղում լիներ, ապա մեծ հաճույքով կմասնակցեր բողոքի ակցիային:

Եթե խնդիրը լուծում չստանա, ապա բնակիչները կարող են դիմել առավել կոշտ միջոցների. «Բա որ քո էրեխեն ջուր չունենա, տան մեջ ջուր չունենաս, էրեխեդ ծարավ լինի, դու կկարենա՞ս կոշտ  միջոցների չդիմես: Հետն էլ իմանաս, որ ջուրը ի՛նչ նպատակով է գնում»: Մեզ հետ զրույցում մի քանի գյուղացիներ ասացին, որ տեղյակ չեն եղել ակցիայի մասին, հակառակ դեպքում իրենք ևս կմասնակցեին: Գյուղի բնակիչներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ նույնիսկ նոր գնած լվացքի մեքենան չեն կարողանում օգտագործել. «Լվացքի մեքենա ենք առել, դրել տանը, բայց պետք ա կռուշկեքով ջուրը լցնենք, որ աշխատի»:

Գյուղի բնակիչ Մարինե Մարտիրոսյանն ասաց, որ ամռանը 3-4 օր խմելու ջուր չեն ունենում. «Այդ մի քանի ժամը որ գալիս է՝ ինչքան աման կա, պետք է ջուր լցնենք, որ այդ երեք օրը յոլա գնանք, մյուս ջրին նորից վերցնենք»:

168.am-ը խնդրի հետ կապված փորձեց զրուցել նաև Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանի հետ: Կարապետ Մանուկյանը, ով ներկայացավ որպես համայնքային ծառայող, ասաց, որ տվյալ պահին՝ 4:30-ի սահմաններում, վերջինս գյուղապետարանում չէ:

Նշենք նաև, որ քիչ առաջ ուջանցիների բողոքին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը՝ նշելով, որ գյուղացիների նման բողոքը վկայում է այն մասին, որ դրանց պատճառ հանդիսացող հէկ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, և արդյունքում՝ զրկվել են ջրից, ապրուստի միջոցից:

Ի դեպ, մեզ հետ զրույցի ընթացքում բնակիչները նշեցին, որ արտագաղթի հետևանքով այսօր Ուջանում 200 տուն է դատարկվել: Նրանցից մեկը նույնիսկ կատակեց, որ ինքն արդեն հարևան չունի. «Հարևանների տները կան, բայց հարևանները չկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս