
Արման Մուսինյան. Երևանցիներին գժի տե՞ղ են դրել

«Եթե որևէ մեկը հարցնի, թե որտեղի՞ց Տարոն Մարգարյան քեզ այդքան հարստություն, նա պտտվելու է նույն հարց տա հարցնողին, ու ստացվելու է շղթայական ռեակցիա, որովհետև սա իրար կապված վարչախումբ է»: Այս մասին ՀԱԿ հանրահավքում հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Հանրապետական քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարագրին:
Ինչ վերաբերում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, ապա Ա. Մուսինյանը նշեց, որ չնայած հետնախագահական ընտրությունների գործընթացի արդյունքում հասարակության մեջ հիասթափության ալիքին, ՀԱԿ-ն իր քարոզարշավով կարողացավ ակտիվացնել հասարակությանը:
Ըստ նրա՝ երևանցիներին ՀԱԿ-ը կարողացել է հասցնել ընտրությունների քաղաքական հսկայական կարևորությունը, որին, «որքան էլ զարմանալի է՝ մեծապես օգնել է նաև իշխող ռեժիմը՝ իր մտքից ու ասելիքից դուրս ծաղիկ, փուչիկ քարոզչությամբ ու առավել խոսուն թեկնածուով»:
Մուսինյանի խոսքով, վարչախումբն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրությունները դիտարկվեն որպես կենցաղային, բայց նրանց չհաջողվեց: Իսկ հիմա, ըստ նրա, իշխանությանը մնացել է զավթել ժողովրդի ձայնը, որովհետև ուրիշ ճանապարհ չունեն: «Հիմա էլ կեղծ տվյալներ են հրապարակում, թե երևանցիների հիսուն տոկոսը Տարոն Մարգարյանին խելացի մարդ է համարում: Երևանցիներին գժի տե՞ղ են դրել: Իսկ ՀԱԿ-ին երեք տոկոս ձայն են կանխատեսում: Ցույց տվեք աշխարհում որևէ մի երկիր, որտեղ իշխանության ղեկին գտնվող ուժը պայքարում է երեք տոկոս ուժի դեմ: Երեք տոկոսանոց ուժի անունն ընդհանրապես չեն տալիս: Եթե սա թվերը իրական լինեին, իշխանությունը պետք է ծպտուն չհաներ»,- ասաց նա:
Արման Մուսինյանը նշեց նաև, որ ՀԱԿ-ը հողին կպած քաղաքական ուժ է, իրական ուժ ու թեպետ ունեցել է կորոստներ, բայց հենց դրանով է ուժեղ. «Իշխանության ղեկին բոլորը կարող են լինել ուժեղ, իսկ իշխանությունից դուրս՝ միայն բացառիկներն են ուժեղ լինում»: