Երևանի և ՀՀ մակարդակով. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երևանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեև ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ՝ ավագանու ընտրություններից աոաջ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա:
Աոաջին հարցը դրված է ընդհանուր ձևով՝ ո՞րն է Երևանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը և քաղաքի մաքրությունը, բայց 20 և 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար՝ գործազրկությունը, ինչպես նաև աղքատությունը և սոցիալ-տնտեսական վիճակը:
Հասկանալի է, որ այդ խնդիրները «երևանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը՝ մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: Սակայն հենց սոցիալական ղժգոհությունն է ինձ թվում այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դժգոհությունները՝ ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Բայց սպասել, որ Երևանի ավագանին կամ քաղաքապետը կարող են այդ դժգոհությունը մեղմել՝ իրատեսական չէ:
Նմանատիպ ոլորտ է Երևանում առողջապահությունը. այս առումով հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 42 տոկոսը, առաջնային է համարում բժշկական ծառայությունների գինը: Թեև պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում, չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը և քաշքշուկը նույն պոլիկլինիկաներում Երևանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են:
Փոխարենը հանրային տրանսպորտի խնդիրը, որն առաջնային է համարում հարցվածների 7 տոկոսը, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ, և այստեղ ոչ մի կախարդական փայտիկ պետք չէ:
Պարզապես քաղաքապետը, պատգամավորները և այլ ազդեցիկ մարդիկ պետք է հրաժարվեն երթուղային տաքսիների իրենց գծերից, և այդ դեպքում, նորմալ հասարակական տրանսպորտը, տվյալ դեպքում՝ ավտոբուսները, զգալիորեն կբեռնաթափեն Երևանի փողոցները: Իսկ ավտոբուսները չեն աշխատի այնպես, ինչպես որ հիմա աշխատում են երթուղային տաքսիները՝ 3 շարքով չեն «խմբվի» կանգառում և իրար հետ խելահեղ մրցավազքի մեջ չեն մտնի: Ավտոբուսները կգան այն ժամանակացույցով, որը փակցված կլինի կանգառներում:
Պատահական չէ, որ տրանսպորտի վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածների 10 տոկոսը որպես առաջնային խնդիր նշել է ժամանակացույցի բացակայությունը: Խոստովանենք, որ այդ հարցը Երևանում լուծված չէր նաև կոմունիստական դարաշրջանում, բայց ո՞վ ասաց, որ մենք ընդունակ չենք կազմակերպել, մասնավորապես, քաղաքային տրանսպորտի աշխատանքը եվրոպական մակարդակով: Պարզապես մեր «գծատեր» իշխանավորները պետք է լինեն պակաս չտես ու ագահ:
Աոավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք՝ հանրապետական մակարդակով:
Հարցման մեջ նման հարց էլ կա՝ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20- ը՝ ՀՀ նախագահին: Համաձայն չեմ: Ինձ թվում է՝ հակառակն է»: