
«Ծառուկյան` նախագահ»

168.am-ի տեղեկություններով` վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ և հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թևն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:
Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու և իրար հակամարտ թևերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական և 2018-ի նախագահական ընտրություններին: Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, նա առաջիկայում պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությամբ նա պետք հանրությանը համոզի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, և այլևս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանին` առաջադրվել և դառնալ նախագահ: Եթե «Ծառուկյան` նախագահ» կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի. գործարարների, արմատական ընդդիմադիրների և չեզոք ապաքաղաքականների: