Վահան Հովհաննիսյան. «Ռաբիսներն ու անգրագետները» կվռնդվեն երևանյան իշխանության բոլոր մակարդակներից (տեսանյութ)
Այսօր Կենտրոն վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե իր համար «լավ օր» է, քանի որ ինքը խոսում է քաղաքի կենտրոնում, որտեղ ծնվել, ապրել ու մեծացել է: Բայց դա, Վ. Հովհաննիսյանի խոսքով, ամենևին էլ չի նշանակում, թե ինքն աչքաթող է անում մարզերը:
Նա հայտարարեց, որ մարդիկ տեսնում են, թե ինչ վիճակի է հասցվել Երևանի կենտրոնը, ու կարելի է հստակ և «դառը» հետևություն անել մայրաքաղաքի ճակատագրի մասին. «Մարդիկ, ովքեր մինչ օրս իշխանության գլուխ են Հայաստանում, ինչպես եկան կոմունիստներից հետո իշխանության, այնպես էլ իշխանությունը չփոխվեց: Մի խաբնվեք կուսակցությունների անունների փոփոխությանը. էսօր՝ ՀՀՇ, հետո՝ «Երկրապահ», հետո՝ Հանրապետական: Որովհետև այդ ամեն ինչը նույն գիծն է, որովհետև դեմքերը նույնն են, մոտեցումները նույնն են, ագահությունը նույնն է: Այն, ինչ այսօր մենք տեսանք Երևանում, պարզապես ագահության ու քաղաքային մշակույթ չունենալու հետևանք է»:
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքային իշխանության ստանձնմամբ «ռաբիսներն ու անգրագետները» կվռնդվեն երևանյան իշխանության բոլոր մակարդակներից՝ թաղապետարան, քաղաքապետարան, վարչություններ և այլն. «Այն բոլոր տեղերը, որոնք դարձել են հարստանալու տեղ ու դադարել են երևանցուն ծառայել, բոլոր տեղերում լուրջ լվացք է սպասվում»:
Վահան Հովհաննիսյանը խոստովանեց, որ այդ կառույցներում կան լավ մասնագետներ, բայց նշեց, որ նրանք ստիպված, պարտադրված են աշխատել այս կանոններով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: