Վարդան Օսկանյանը`Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու մասին. «Մենք ոչ կխանգարենք, ոչ էլ կմասնակցենք»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, այսօր «Մեդիա» կենտրոնում Երևանի ավագանու ընտրությունների թեմայով հրավիրված հարցազրույց-ասուլիսին` խոսելով ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի` իշխող կուսակցությունից կախվածության մասին`նշեց, որ եթե քաղաքապետը լինի ԲՀԿ-ի ներկայացուցիչը, Հանրապետական կուսակցության գրասենյակում կայացված որոշումը չի տարածվելու քաղաքապետի որոշումների վրա, և քաղաքապետը, ըստ նրա, «դառնալու է ինքնուրույն և առաջնորդվելու է ժողովրդի շահերով»:
Այս կապակցությամբ` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող այլ քաղաքապետեր, մասնավորապես` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլոք, նախագահական ընտրություններին սատարում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ մի քանի օր առաջ Իջևան քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետը հրաժարվել է դահլիճ տրամադրել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին` ոչ առանց հանրապետական մարզպետի միջամտությամբ:
Ի պատասխան` Վարդան Օսկանյանը հիշեցրեց` նշելով հետևյալը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրությունների հետ կապված շատ հստակ դիրքորոշում հայտնեց առ այն, որ մենք թեկնածու չենք դնում և չենք պաշտպանում որևէ մեկին, և քաղաքական որոշում չկար` ինչ անել, դրա համար բաց էր թողնված. որոշ մարդիկ նախագահին են ձայն տվել, որոշ մարդիկ` Րաֆֆի Հովհաննիսյանին, որոշ մարդիկ գնացին նախագահի ինագուրացիային, որոշ մարդիկ չգնացին: Այսինքն` մենք մեր որոշման մեջ եղել ենք հետևողական` առաջին օրվանից մինչև այսօր»:
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այս տրամաբանությամբ բացատրեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալը:
«Դա դեռ շարունակությունն է նախագահական ընտրությունների, դա պետք է հանգուցալուծի Րաֆֆի Հովհաննիսյանը, մենք ոչ կխանգարենք, ոչ էլ կմասնակցենք, մենք որոշել ենք` այդ հարցում մենք մասնակցություն չենք ունենալու»:
Իսկ թե ի՞նչ են արել վերոհիշյալ քաղաքապետերը, դա, ըստ Օսկանյանի, անձնական որոշում է:
«Բայց երբ դու արդեն Երևան քաղաքի պատասխանատվությունն ես վերցնում, և ընտրությունները քաղաքական են և կուսակցական ցուցակով է, դա նշանակում է` կուսակցությունն ամբողջությամբ պատասխանատվություն է վերցնում, ոչ թե միայն քաղաքապետը: Մեր տարբերությունը մյուսներից, իրոք, նաև սրա մեջ է: Այնպես որ, ազդեցությունների ոլորտ չի լինի, համագործակցություն, բնականաբար, կլինի. Երևան քաղաքը պիտի կառավարության հետ աշխատի, ոչ թե ենթարկվի, ոչ թե թելադրեն, այլ Երևան քաղաքն ինքը թելադրողներից մեկը լինի»,- ասաց Օսկանյանը:
Լրագրողը փորձեց ճշտել, թե կուսակցությունում արդյոք չկա՞ քաղաքական որոշում չհանդիսանալ ալընտրանք այն համակարգի օգտին, որի դեմ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ փորձում է որոշակի քայլեր անել:
«Եթե ուզում ես քո նախապաշարմանը հասնես իմ պատասխաններով, չի լինելու, որովհետև նույնն եմ ասելու,- պատասխանեց Վարդան Օսկանյանը,- Այլընտրանք այդպես չի լինում, այլընտրանք է համակարգին էլ, իշխանությանն էլ, բայց հնարավոր է` ստեղծվի վիճակ, որի շուրջ շահերի համընկնում լինի, և համագործակցություն լինի: Այսինքն`այլընտրանքից անցնես համագործակցության, բայց մեծ հաշվով այլընտրանք լինես: Այնպես որ, այդ շրջանակներում պետք է դիտարկել»: