
Սփրեդ՝ կարագի փոխարեն. թվով 3-րդ գործը Արմավիրի մարզում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը:
Անհատ ձեռնարկատեր Արսեն Մեսրոպյանը 2011-2012թթ-ներին յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Ջավահիր Ամիրխանյանի հետ, ըստ որի պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում նաև կարագ:
Սակայն Ա.Մեսրոպյանը, ըստ քրեական գործի նյութերի, սպառողին խաբելու դիտավորությամբ կարագի փոխարեն մանկապարտեզին նշված տարիների ընթացքում, տարբեր գներով մատակարարել է խոշոր չափերի հասնող` ընդհանուրը 548723 ՀՀ դրամ արժողության 233.172կգ սփրեդ:
Արսեն Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ այս դեպքը թվով երրորդն է և որ նախորդ երկու գործերը ևս վերաբերում են Արմավիրի մարզին: