Կալիֆոռնիայի դատարանը մերժել է թուրքական բանկերի դեմ ամերիկահայերի հայցը

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի դատարանը Թուրքիայի օգտին որոշում է կայացրել՝ կապված «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքի հետ կապված երեք հայերի ներկայացրած դատական հայցի հետ:

Դատական գործընթացը տևել է մոտ 3 տարի և ավարտվել է դատարանին այն որոշմամբ, որ այդ հարցը քաղաքական հարց է, և ոչ թե իրավական հարց: Դատարանը գտել է, որ այդ գործը դուրս է իր իրավասությունից:

2010 թվականի դեկտեմբերին երեք ամերիկահայեր Ալեքս Բաքալյանը, Անաիս Հարությունյանը և Ռիտա Մահտեսյանը հայց էին ներկայացրել Թուրքիայի Կենտրոնական ու Գյուղատնտեսական բանկերի դեմ:

Այդ հայցում նրանք պնդում էին, որ Հայոց ցեղասպանության հետևանքով իրենք զրկվել են Ադանայի նահանգում ունեցած, իրենց պապերին պատկանած 49.5 հեկտար հողատարածքից, որում այժմ գտնվում է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան:

Հայցում պահանջվում էր 63.9 միլիոն դոլարի (թուրքական մամուլի տվյալներով՝ 100 միլիոն դոլար) փոխհատուցում Ադանայում առգրավված կալվածքի համար և ևս մի քանի միլիոն դոլար՝ անցած 60 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից հայ հայցվորների ընտանիքներին պատկանող հողի վրա կառուցված ռազմավարական «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու համար կուտակված վարձավճարի և տոկոսագումարների համար:

Տեսանյութեր

Լրահոս