Աֆղանստանում կոռուպցիայի ամենամեծ աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) արդեն 10 տարուց ավելի է, ինչ միլիոնավոր դոլարներ է փոխանցում Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային:
Թերթն ընդգծում է, որ ավելի քան 10 տարում ամեն ամիս ամերիկյան դոլարներով լեցուն տրցակը ԿՀՎ-ն սիրով ուղղում է Աֆղանստանի նախագահի գրասենյակ: Դա նշանակում է, որ Համիդ Կարզայն արդեն իսկ կանխիկ ստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Այս մասին թերթին հայտնել է Աֆղանստանին նախագահին մերձակա շրջապատի գործող և նախկին ներկայացուցիչները: Վերջիններիս խոսքերով՝ իրենք այդ գումարները որակել են որպես «ուրվական փողեր»:
Թերթն ընդգծում է, որ այդպիսով ԿՀՎ-ն գնում է աֆղան առաջնորդի ու նրա մերձակա շրջապատի համակրանքը, իսկ նրանք իրենց հերթին այդ գումարներով կարողանում են պայմանավորվել դաշտային հրամանատարների հետ:
Թերթի համոզմամբ՝ այդ միջոցները խաթարում են Աֆղանստանից Վաշինգտոնի դուրս գալու ռազմավարությունը, և որ Աֆղանստանում կոռուպցիայի ամենամեծ աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում: Թերթը հավելում է, որ ԿՀՎ-ը նման կերպ գործում է 2001 թվականին ամերիկյան զորքերի կողմից Աֆղանստան ներխուժելուց սկսած: