Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է ուսանողական գիտաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները» խորագրով ուսանողական գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ողջունելով ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ ամենամյա գիտաժողովների անցկացումը կարեւոր է , քանի որ ուսանողները հնարավորություն են ունենում ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման, ֆինանսատնտեսական ճգնաժամերի հաղթահարման ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքները, դատողություններն ու առաջարկները:

Գիտաժողովներն առավել արդյունավետ լինելու նպատակով Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուսանողներին գրավոր առաջարկները ներկայացնել կառավարությանը, որպեսզի գործադիր իշխանությունն, ըստ անհրաժեշտության, դրանք ներառի տնտեսական զարգացման ծրագրերում:

ԱԺ նախագահի կարծիքով՝ Հայաստանում թեեւ 2012- ին ունեցանք 7.2% տնտեսական աճ, այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամը մեր երկրում դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չէ: Այդ գործում Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարում տնտեսագիտական գիտելիքների ներդրումն ու կիրառումը: Տնտեսագիտական տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով խորհրդարանի նախագահը ուսանողներին եւ դասախոսներին գործնական առաջարկ ներկայացրեց՝ Ազգային Ժողովի տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովներում կազմակերպել հանդիպումներ, որոնք փորձի փոխանակման հնարավորություն կտան: Աժ նախագահը նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում պետք է ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի քայլ հետ չմնանք զարգացող երկրներից:

Hovik Abrahamyan10Հովիկ Աբրահամյանը կարեւորեց տնտեսագիտության բնագավառում բարձրակարգ կադրերի պատրաստումը, ինչը կնպաստի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը:

Մեկ անգամ եւս կարեւորելով համանման գիտաժողովների կազմակերպումը՝ Ազգային Ժողովի նախագահը նշեց, որ դրանցում վեր են հանվում այն խնդիրները, որոնք առկա են երկրում:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին յուրաքանչյուր կարեւոր միջոցառմանը մասնակցելու, բուհի եւ ուսանողների խնդիրները մշտապես ուրշադրության կենտրոնում պահելու համար: «Դուք անում եք հնարավորը՝ բուհը ուսանողակենտրոն դարձնելու համար»,- նշեց տնտեսագիտական համալսարանի ռեկտորը: Նա նույնպես կարեւորեց նման գիտաժողովների անցկացումը եւ նշեց, որ գիտությունների հետազոտական աշխատանքը շատ կարեւոր է ուսանողների մասնագիտական խորացման համար:

Գիտաժողովին մասնակցում են բուհի հարյուրից ավել ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի հիմնական նպատակն է ուսումնասիրել ՀՀ-ում առկա տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները՝ օգտագործելով երիտասարդ տնտեսագետների ներուժը, գիտելիքներն ու միտքը ՝ տնտեսության զարգացման նոր առաջարկներ եւ գաղափարներ ներկայացնելու միջոցով:

Ուսանողները ներկայացրին զեկույցներ, որոնք գնահատվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:

ԱԺ նախագահը Ծաղկաձորում մասնակցեց նաեւ ուսանողների ազատ ժամանցի ծրագրին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս