Րաֆֆի Հովհաննիսյան. Ուզում էիք՝ գնայինք՝ մեր երեխաներին հանձնեինք հողի՞ն

ԱՄՆ նախագահ Ռուզվելտի խոսքերը մեջբերելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Էջմիածնի Մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց. «Շատ հեշտ է տանը նստել՝ ինչ-որ մայթի վրա, ու նայել, թե ով է պայքար տանում, կեղտոտվում այդ ասպարեզում: Բայց վերջին հաշվով՝ ժողովուրդն է, որ այդ ասպարեզի մեջ է, թեև մեկ-մեկ ընկնում է, բայց չի ծնկում, պայքարը տանում է, որը փոխում է պատմությունը»:

«Նոր Հայաստան» շարժումը, նրա խոսքով, միշտ ներկա կլինի, որովհետև իրենք հավատում են, որ ժողովուրդն աղբյուրն է պայքարի: «Ով հեգնեց կամ խոսեց վերևից», Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ չի կարող երկար տանել այս պայքարը:

«Եթե քաղաքական տարբեր ուժեր, անկախ նրանից՝ մասնակցեցի՞ն փետրվարի 18-ի ընտրություններին, թե՞ ոչ, ի՞նչ դիրքորոշում հայտնեցին, զգային այն պահը, հիմա էլ ուշ չէ, որ պայքարը պետք է միասին տանենք… Աստված չանի, որ լինի տապալում: Չարախոսներն էլ սուտ են ասում, որ կա տապալում: Ոչ մի տապալում էլ չկա: Բայց եթե իրենք հասկանան, որ եթե նահանջ կա, բոլորիս նահանջն է, բայց հակառակն էլ կա: Իսկ ես դրա հավատացյալն եմ ու պատրաստ եմ ոչ թե մահվան, մեկ-մեկ ակցենտս սխալ են մեկնում, այլ կյանքի գնով իրականացնել դա: Եվ ոչ սպասել, որ մարդը նստի մամուլի ասուլիս տա ու ասի, որ այս մարդիկ ապրիլի 9-ին չարեցին: Ի՞նչ էիր ուզում դու այս ժողովրդից: Ուզում էիք գնայինք՝ մեր երեխաներին հանձնեինք հողի՞ն: Ուզում էիք ոչ մի բան չարած դառնալ ժողովրդի առաքյա՞լը: Այսպես չի լինում»,- ընդգծեց նա:

Ր. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ապրիլի 9-ին իրենք առաջին շարքում էին՝ կուսակիցներով, ընտանիքի անդամներով, ու շեշտեց, որ այդ օրը ոչ միայն արյուն չեղավ, այլև, ի վերջո, բացվեց ճանապարհը դեպի Բաղրամյան. «Թող ոչ մեկը չչարախնդա ու իր կուսակցական տաքուկ անկյուններից ասի, որ չստացվեց: Ի՞նչ էր ստացվելու, երբ դուք կողք կանգնած էիք: Ինչ պետք է լինի՝ լինելու է միասին: Թող ոչ մեկը կողք կանգնած չասի, թե՝ քվեն տվեց, բայց նա չարեց»:

Կարդացեք նաև

Նա նաև հիշեց, որ նախընտրական շրջանում կային «չարախնդողներ», ովքեր, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ասում էին՝ ինչո՞ւ է քիչ մարդ հավաքվել, ինչպե՞ս ես այդ դեպքում տանելու պայքարը. «Բայց մենք տեսանք, որ որակյալ բջիջներ, կորիզներ ունենալու դեպքում որակը դառնում է քանակ: Ես վստահեցնում եմ, որ մենք միասին 24 ժամ քայլենք, մտնենք եկեղեցի, համալսարաններ, թատրոններ, հանրային տրանսպորտներ, դուք կտեսնեք նույն զորակցության չափը: Ապրիլի 9-ին մենք չտարանք արյան, մի րոպեում չմտանք իրենց ծուղակը, որ թույլ տայինք հայ մարդու դեմ ձեռք բարձրացնել, զորակցության նույն ոգին մնաց ուղղակի, մենք երդվեցինք չհիասթափվել, չհանձնվել»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե գյուղից գյուղ, քաղաքից քաղաք այցելելով՝ ինքը ժողովրդից միայն մեկ խոսք է լսում՝ «միացում»: «Մարդիկ ասում են՝ միացեք, լուծեք մեր խնդիրը, որ ունենանք իրավունք ու օրենք, որ երեխաներն ունենան հեռանկար: Եթե մենք սպասենք հինգ տարի, դուք ինքներդ էլ գիտեք՝ ձեր հարևանության օրինակով, թե ուր կհասնի այս արտագաղթը, դեմոգրաֆիկ տագնապը ուր կհասցնի մեր բանակը: Եթե մենք հավատանք ու միացումն անենք… հիմա հասել ենք այն կրիտիկական կետին, որ ասում եմ, որ այս ընտրագողությունը չի մարսվելու: Դուք էլ պետք է հասկանաք, որ սա մի ակնթարթի բան չէ, որ մեկ ժամ գնանք Երևան, երդում տանք, ու հեքիաթ կիջնի Հայաստանի վրա: Այդպես չէ: Սա պայքար է ենթադրում»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Բարև, Երևան» դաշինքն այն մանրակերտն է, որը հետագայում կիրառվելու է մարզերում:

Տեսանյութեր

Լրահոս