Բաժիններ՝

Քննարկվել է վտանգների համատեղ նվազեցման ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը։

Դերենիկ Դումանյանը նշեց, որ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային վերանայումն արդեն երկար տարիների քննարկման առակա է։ ՀՀ կառավարությունն իր հավանությանն է արժանացրել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաները մեկ միասնական կառուցվածք ստեղծելու գաղափարը և կենտրոնացված կառուցվածք ստեղծելու համար շենք է հատկացրել։  Հիմք ընդունելով սպասարկման տարածքի մեծությունը ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է մարզային նմանատիպ միասնական կառույցներ ստեղծել Շիրակի և Տավուշի մարզերում։

Կենսաանվտանգության և կենսապաշտպանության խնդիրների առթիվ Դերենիկ  Դումանյանը տեղեկացրեց, որ հատուկ վտանգավոր ախտածինների խորը ուսումնասիրությունների ուղղությամբ ծրագրվում է գիտական մակարդակի լուրջ հետազոտություններ իրականացնել, ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ և շտամների կուլտուրաների հետազոտություններ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև կենսաբանական հետազոտություններին առնչվող ծրագրերի ընթացքին։

Մասնավորապես նշեց, որ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրմանը վերաբերող  AM-1 ծրագիրը հաջողությամբ իրականացվում է առանց ժամանակացույցից շեղումների։  Նույն կերպ ընթանում են մյուս ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները։

Վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը նշեց, որ վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի նպատակն է օժանդակել և բարելավել առողջապահական և գյուղատնտեսական ոլորտները, ստեղծել մարդկանց և կենդանիների առողջական խնդիրներով զբաղվող միասնական կառույց։

Տիկին Ջորջը հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված շենքում  ծրագրի շրջանակներում հայ գիտնականների հետ հետազոտություններ կիրականացվեն։ Նա իր գոհունակությունը հայտնեց, որ նախարարությունը պատրաստ է մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններում ընդգրկվելու  և վստահեցրեց, որ այդ ուղղությամբ կվերապատրաստեն  հայ մասնագետներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև բժշկական համալսարանում լարցուցիչ կրթական ծրագրեր ներառելու, օրենսդրական դաշտը նոր պահանջներին համապատասխանեցնելու հարցերը։

«Իրականացվող ծրագիրը շատ անհրաժեշտ է մեր երկրին, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն հաջողությամբ իրականացվի։ Անվտանգության նպատակով միասնական համակարգով աշխատելը համահունչ է մեր նպատակներին։ Վստահ եմ, որ մեկ հզոր կառույց ստեղծելով շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս