Դավիթ Հակոբյանը՝ քաղաքական պռառաբների, շառլատանների և Ռուզվելտի մասին

«Երևան քաղաքի ընտրությունները հասարակության կողմից արհամարհված են և բացարձակապես չեն հետաքրքրվում այդ ինստիտուտի ընտրություններով, ով կհաղթի և ինչ կհաղթի: Ես ևս հիշատակության անարժան եմ համարում ավագանու ինստիտուտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նրա կարծիքով, գլխավոր խնդիրը քաղաքաշինության դոկտրինի ընդունումն է, ոչ թե ծաղիկ տնկելը կամ ասֆալտ փռելը: «Վեց կուսակցություն պայքարում է քաղաքի  համար՝ չիմանալով  դրա դերի մասին՝ ծաղիկ ցանենք, ասֆալտ փռենք, ասֆալտ հավաքենք»,- հայտարարեց գլխավոր մարքսիստը:

Մայիսի 5-ի Երևանի ավանագու ընտրությունները համարելով աննշան՝ Դավիթ Հակոբյանը կենտրոնացավ երեք կարևորագույն խնդրի վրա՝ նոր տնտեսական քաղաքականություն սկսելու անհրաժեշտությունը, արտաքին քաղաքականության հստակեցում և կուսակցությունների վերագրանցումն՝ ըստ գաղափարական հենքի: «Ես չեմ տեսնում նոր տնտեսական քաղաքականության ստրատեգետին և գաղափարական վարդապետին»,- պնդեց գլխավոր մարքսիստը:

168.am-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը չի՞ հասկանում նոր տնտեսական քաղաքականության անհրաժեշտությունը, որ նորից Տիգրան Սարգսյանին վերանշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում, Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Հաճախ, երբ քննադատության թիրախ են դարձնում վարչապետին կամ քաղաքապետին, ես հիշեցնում եմ՝գլխավոր ստրարտեգը նախագահն է՝ Ռուզվելտը: Այնպես որ՝ նրանք կատարողներ են: Մենք քաղաքական շատ պռառաբներ ունենք, բայց գլխավոր գաղափարական պատվիրատուն չկա: Ի՞նչ անել»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այն, ըստ Դավիթ Հակոբյանի, 20 տարի այն տապալվել է: «Նոր դիվանագիտության մասին թող փիքր անեն մեր իշխանավորները»,- կոչ արեց Դավիթ Հակոբյանը:

Անդրադառնալով կուսակցությունների վերաբերյալ իր մտահոգությանը՝ Դավիթ Հակոբյանը պնդեց, որ անհրաժեշտ է, որ ոչ թե 76 «շառլատան» հավաքվեն, կուսակկցություն բացեն, այլ լինի գաղափարական հենք: «Սա է ազգի ապագա կոնսոլիդացիացի հենքը: Հայ ազգն արդեն նողկանք է ապրում այդ կուսակցություններից»,- ասաց գլխավոր մարքսիստը:

Տեսանյութեր

Լրահոս