Րաֆֆին՝ ջոկերի կարգավիճակում
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դասավորվածությունը, լայն իմաստով, կարելի է բնութագրել 3+2+1 ձևաչափով: Նախընտրական քարոզչության ընթացքն ավելի բացահայտ դարձրեց, որ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններն ընտրություններին մասնակցում են միասնական «ճակատով», նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են հետընտրական ինչ-որ միավորում ձևավորել:
Իշխանությունն էլ իր հերթին՝ ընտրություններին մասնակցում է, ըստ էության, 1+1 ձևաչափով՝ ի դեմս ՀՀԿ-ի ու «Օրինաց Երկրի»:
Այս ձևաչափի մեջ առանձնանում է «Ժառանգությունը», որն ընտրությունների է գնում միայնակ: Եվ քաղաքական խաղի տրամաբանության տեսանկյունից՝ նշված դասավորության մեջ «Ժառանգությունն», ըստ էության, հայտնվում է «ջոկերի» դերում:
Այսինքն՝ իրար դեմ մրցակցող երկու բևեռներից որևէ մեկին միանալու դեպքում կարող է ամրապնդվել մյուսի դիրքերը՝ ընդհուպ հաղթանակ ապահովելով: Խոսքն, իհարկե, մեխանիկական միավորման մասին չէ, ոչ էլ՝ ստվերային, գործարքային համագործակցության: Խոսքն օբյեկտիվ քաղաքական շահի մասին է, որը կարող է «Ժառանգության» ու ՀՀԿ-ի համագործակցության համար հիմք դառնալ:
Ակնհայտ է, որ ՀԱԿԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայքարում են ոչ միայն ու ոչ այնքան քաղաքապետի պաշտոնի կամ ավագանու մանդատների, որքան ընդդիմադիր դաշտի առաջնորդության համար: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ՀԱԿԿ-ն ու ՀՅԴ-ն ոչ միայն դեմ չեն, որ այդ դերում հայտնվի ԲՀԿ-ն, այլև գործուն քայլեր են կատարում՝ վերջինիս բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջամարտիկը դարձնելու համար: Իհարկե, գլոբալ առումով, այս միավորումն ուղղված է առաջին հերթին ՝իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին: Սակայն ակնհայտ է նաև, որ այդ գլոբալ նպատակին հասնելու ճանապարհին նշված եռյակի թիրախ է դառնալու կամ արդեն իսկ դարձել է «Ժառանգությունն» ու, առաջին հերթին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դեռևս վերջնականապես չի հասցրել փոշիացնել նախագահական ընտրություններում ստացած ձայներն ու դրա քաղաքական էֆեկտը:
Իշխանության համար ՀԱԿԿ, ԲՀԿ, ՀՅԴ միավորումը կարող է վտանգավոր դառնալ, եթե անգամ դրանում ներգրավվի ԲՀԿ-ի մի մասը: Ընդդիմություն-այլընտրանք երկընտրանքով պայմանավորված՝ ԲՀԿ-ի ներկայիս երկատված վիճակը վկայում է հենց այդ՝ իշխանության մտավախության մասին: Այս իմաստով իշխանության համար իրավիճակը շատ ավելի վտանգավոր կարող է դառնալ, եթե այդ միավորմանը միանա նաև «Ժառանգությունը»:
Գոնե այս պահին իհարկե, նման վտանգ չկա, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ չլինելով միավորմանը՝ համարում է, որ դա պետք է տեղի ունենա իր շուրջ: Հենց դրա համար էլ նա հռչակել է «Նոր Հայաստանը», որին, սակայն, առայժմ արձագանքող չկա: Իսկ ԲՀԿ-ի առանցքի շուրջ ձևավորված միավորումն, ըստ էության, «Ժառանգությանն» առաջարկում է «կպնել» իրենց ու պայքարել իշխանության դեմ, հակառակ դեպքում՝ սպառնալով հընթացս գրավել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի տեղն ընդդիմադիր դաշտում: Այս միավորմանը հարող շրջանակների մեղադրանքները Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հենց այս տրամաբանությունն ունեն. ձևավորվել է «հզոր ընդդիմադիր միավորում», և, եթե դու չես միանում նրան ու չես պայքարում իշխանության դեմ, ուրեմն նպաստում ես իշխանության պահպանմանը: Սա, իհարկե, պարզ շանտաժ է, որին չտրվելու համար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ունի իր՝ միանգամայն արդարացված հիմնավորումը:
Ընդամենը երկու ամիս առաջ, մինչ բոլոր նշված ուժերը պատսպարվել էին իրենց «ոչ մրցակցային» գրասենյակներում, Րաֆֆին միայնակ էր պայքարում (լավ թե վատ, այլ հարց է) իշխանության դեմ: Սկզբում՝ ընտրություններին մասնակցելով, ապա՝ Ազատության հրապարակում: Այդ ուժերից որևէ մեկը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանին (ՀՅԴ-ի «միանալը», ինչպես հետագայում պարզվեց, ընդամենը ցուցադրական քայլ էր): Ու հիմա նույն այդ ուժերն իրեն մեղադրում են դավաճանության մեջ:
Ստացվում է՝ դավաճան չհռչակվելու համար ինքը պետք է միանա նշված եռյակին՝ իր ստացած 540 հազարանոց «տիտղոսը» ստորադասելով այդ ուժերից որևէ մեկի, ակնհայտորեն՝ ԲՀԿ-ի առաջնորդությանը: Իսկ եթե այդ երեք ուժերը չեն միանում Րաֆֆիին ու չեն ընդունում նրա առաջնորդությունը, ապա օբյեկտիվորեն դառնում են նրա մրցակիցն ու հակառակորդը ոչ միայն ավագանու ընտրություններում, այլ նաև երկարաժամկետ քաղաքական գործընթացում: Այսինքն՝ եթե խտացնենք գույները, այսօր ՀԱԿԿ, ԲՀԿ, ՀՅԴ հնարավոր միավորումը գրեթե հավասարապես վտանգավոր է ինչպես՝ իշխանության՝ Սերժ Սարգսյանի, այնպես էլ՝ «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
Այս պարագայում կարող է գործել «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը: Թե ինչ արտաքին դրսևորումներով՝ էական չէ: Մյուս կողմից՝ իշխանության հետ թեկուզ՝ անուղղակի, համագործակցությունը կարող է վերջնականապես հեղինակզարկել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս, փաստորեն, երկարաժամկետ կտրվածքով կանգնած է երկընտրանքի առաջ՝ համագործակցել իշխանության հետ՝ կորցնելով ընդդիմադիր առաջնորդի՝ այս պահին արդեն իսկ հեղհեղուկ կարգավիճակը, կամ համագործակցել եռյակի հետ՝ ընդունելով Գագիկ Ծառուկյանի առաջնորդությունը: Այսինքն, լայն իմաստով, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է քաղաքական ընտրություն կատարի Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Մինչ այդ պահպանելով «ջոկերի» կարգավիճակը: