Իշխանությունը՝ Վարդանիկի ու Մարտունիկի արանքում

Այսօր Գյումրիում արձանագրված սպանությունը ոչ առաջինն է, ոչ էլ, դժբախտաբար, ըստ ամենայնի, կլինի վերջինը: Տարիներ շարունակ Հայաստանի երկրորդ քաղաքը համարվել և շարունակում է համարվել «քրեական հեղինակությունների դարբնոց»: Այդ գործընթացը, քրեական հեղինակությունների աճն ու տարածումը Հայաստանի երկրորդ քաղաքում հենց այնպես, միանգամից չի եղել: Դա տեղի է ունեցել տարիների ընթացքում, ընդ որում, տեղի է ունեցել իշխանությունների եթե ոչ՝ գործուն աջակցությամբ, ապա առնվազն՝ լուռ թողտվությամբ: Ավելին, իշխանությունները միշտ օգտվել են քրեական այդ հեղինակությունների ծառայություններից, ընտրությունից ընտրություն հենց նրանք են ապահովել իշխանության վերարտադրությունը: Այդ հեղինակություններից ընտրյալները տարբեր ժամանակներում եղել են Գյումրի այցելող խոշոր ու միջին պաշտոնյաներին դիմավորողների շարքում, գնահատված են եղել պետության՝ «մեծ ախպերների» կողմից: Համենայնդեպս, մինչև անցած տարի Գյումրիի հեղինակությունների «համակարգողը» եղել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մինչև տակավին վերջերս համարվում էր իշխանության վերնախավի սիրելիներից մեկը: Թե ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը հանկարծ հայտնվեց «սև ցուցակում», ու Հանրապետական իշխանությունը որոշեց Գյումրին «հանձնել» այլընտրանքային ԲՀԿ-ին, քննարկման այլ թեմա է: Իրականությունն այն է, որ դրանից հետո՝ վերջին նախագահական ընտրություններում, գործող նախագահ Սերժ Սարգսյանը պարտվեց Գյումրիում: Իրականում իշխանությունն այդ պարտությունը վերագրում է ոչ թե քաղաքացիներին, այլ ընտրություններում «աշխատողների» վատ աշխատանքին: Ավելի պարզ ասած, Սերժ Սարգսյանի վերջին պարտությունը Գյումրիում ավելի մեծ չափով Գյումրին «նայողների» տապալումն էր: Իսկ «նայողները»՝ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո, բաժանվել էին երկու մասի: Մի մասը շարունակում էր հավատարիմ մնալ Ղուկասյանին, մյուսները՝ տարիներ շարունակ վերջինիս հետ «ոչ բարեկամական» հարաբերություններ ունեցող, համարյա ընդդիմադիր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Հենց այս երկու խմբավորումների միջև տեղի ունեցած «ռազբորկայի» արդյունքում էլ այսօր սպանվել է Մարտուն Գրիգորյանի թիմակից համարվող Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն: Նրան, ըստ նախնական տեղեկությունների, սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը:

Ողբերգական ավարտ ունեցած այս միջադեպը մարտահրավեր է իշխանության համար: Ամենևին ո՛չ այն իմաստով, որ օրը ցերեկով մարդասպանությունը մարտահրավեր է պետությանը, օրենքին, քաղաքացիների կյանքին: Իշխանության համար կատարվածը մարտահրավեր է այն առումով, որ պետք է քաղաքական որոշում կայացվի հանցագործության իրավական հետևանքների առումով: Ղուկասյանների ընտանիքն առաջին անգամ չէ նման աղմկահարույց պատմությունների կենտրոնում հայտնվում: Ցանկացած գյումրեցի մանրամասն կարող է պատմել, թե վերջին տարիներին այդ քաղաքում տեղի ունեցած մարդասպանություններից քանի՞սն է ուղղակի կամ անուղղակի կերպով կապվում Ղուկասյանի այս կամ այն մերձավորի հետ: Բայց իշխանությունը միշտ «ներողամիտ» է գտնվել նման դեպքերում, և Ղուկասյաններից որևէ մեկը համարժեք պատիժ չի ստացել: Սակայն դրանք եղել են Վարդան Ղուկասյանի «լավ ժամանակներում», իսկ վերջին ամիսներն ամենևին այդպիսին համարել հնարավոր չէ: Այս իմաստով իշխանությունը կարող է ցուցադրական արդարադատություն իրականացնել և հանցագործին պատժել «օրենքի ողջ խստությամբ»: Բայց այդ դեպքում կարող են կառուցվածքային փոփոխություններ տեղի ունենալ քրեական աշխարհի հիերարխիայում: Մի կողմից՝ սպանվածի անունը կապվում է ԲՀԿ-ական շրջանակների հետ, մյուս կողմից՝ սպանության մեջ մեղադրվողը ՀՀԿ-ականի, նախկինում անպատժելիություն ունեցող ՀՀԿ-ականի մերձավորն է:
Այս ամենի պատճառներից մեկն իրականում այն է, որ իշխանությունն ամենատարբեր թելերով կապված է քրեական աշխարհի հետ, զգալիորեն հիմնված է այդ աշխարհի վրա, հետևաբար՝ ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս ստիպված է օրենքից առաջ հաշվի նստել «գողական օրենքների» հետ: Իշխանությունը կարող է այս առիթն օգտագործել Վարդան Ղուկասյանին ավելի խիստ պատժելու համար, կարող է «մի քիչ ներողամիտ» լինել՝ առաջիկայում դրա դիմաց  փոխհատուցելու պայմանով: Կամ կարող է արդարադատություն իրականացնել նախկին «կոալիցիոն հուշագրի» շրջանակներում: Սա Հայաստանն է, և վերջ: Ապահով Հայաստանը:

Տեսանյութեր

Լրահոս